Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընտանիքում կա 4 մարդ, որից 2-ը աշխատունակ են ու չեն աշխատում, դժվար թե նպաստ ստանան. Բաթոյան

Հունվար 22,2020 17:46

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական աջակցության համակարգը վերանայում է: Այսօր լրագրողների հետ զրույցում նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ դրա համար աշխատանքային խումբ են ստեղծել վարչապետի հրամանով եւ արդեն առաջին արդյունքները ներկայացրել են վարչապետին, հիմա փորձագիտական կարծիքի համար փաստաթուղթը պետք է միջազգային կառույցներին ուղարկեն:

Բաթոյանն ասաց, որ գնահատման համակարգը պետք է փոխեն ու որպես հիմք պետք է ընդունեն ոչ թե ընտանեկան ծախսերը, թե որքան է ծախսում այդ ընտանիքը, այլ՝ եկամուտը: Նախ պետք է հաշվարկեն այն եկամուտը, որը քաղաքացուն պետք է բավարար կենսամակարդակ ունենալու համար եւ եկամուտների դեֆիցիտը աջակցությամբ փակել. «Այդ աջակցությունը կարող է լինել ֆինանսական, ոչ ֆինանսական՝ տարբեր ծրագրերով: Ոչ ֆինանսական աջակցության մեջ է մտնում աշխատանքի խրախուսումը, կարեւոր գործոն է լինելու աշխատունակության հարցը, երեխաների թիվը: Այս համակարգը թույլ է տալիս ավելի օբյեկտիվ գնահատել՝ հիմնվելով փաստացի հավաքագրվող տվյալների վրա, այդ աջակցությունը տրամադրել հասցեական»:

Հարցին՝ հաշվի է առնվելու նաեւ ընտանիքում ոչ աշխատունակ անձանց թիվը, սա ի՞նչ է ենթադրում, եթե ընտանիքում աշխատող քաղաքացիներ չկան, սա նշանակում է, որ նպաստից կարող են զրկվե՞լ՝ Բաթոյանը պատասխանեց. «Մոտեցումը հետեւյալն է՝ նախ հաշվում ենք ընտանիքի եկամուտը, դրանից պետք է հանենք աշխատունակության գործակիցը, եթե կա այդ ընտանիքում  աշխատունակ տարիքի անձ: Աշխատունակ տարիքի անձի դեպքում մենք պետք է այլ ծառայություն տրամադրենք: Եթե ընտանիքում կա 4 մարդ, որից 2-ը աշխատունակ են ու չեն աշխատում, շատ ցածր է հավանականությունը, որ այդ ընտանիքը կընդգրկվի ֆինանսական աջակցության համակարգում: Եթե ընտանիքում չկա աշխատունակ անձ, օրինակ, տարեց մարդիկ են, ովքեր կենսաթոշակառու են, առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մարդիկ են, այս դեպքում բնականաբար շատ ավելի մեծ է հավանականությունը: Եթե ընտանիքում կա աշխատունակ մարդ, բայց շատ մեծ է երեխաների թիվը, այստեղ մեծանում է նպաստ ստանալու հավանականությունը եւ գործակիցը: Այս գործակիցների միջոցով պետք է հաշվենք»:

Նախարարն ասաց, որ այլեւս նպաստ տալ-չտալու հարցում կարեւոր չի լինելու՝ բնակարանում հեռուստացույց կա՞, թե՞ չկա, ավտոմեքենա կա՞, թե՞ չկա, այլ պետք է հիմնվեն այն գործոնների վրա, թե քաղաքացին ունի՞եկամուտ, կամ կարո՞ղ է ունենալ եկամուտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031