Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարվել է դատական հայցից՝ ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի:
Aravot.am-ի հետ զրույցում Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրեց, որ դատական վեճը դադարեցվել է և մանրամասնեց. «Մենք՝ հայցվոր կողմս, դիմում ենք ներկայացրել, հայցից հրաժարվել ենք՝ նկատի ունենալով, որ կողմերը հաշտվել են, իրար հասկացել, ինչպես մենք առաջին օրվանից ասել ենք: Մենք աղմուկի կողմնակից չենք, ինքնանպատակ չի եղել պարոն Բաբաջանյանից հրապարակային ներողություններ հայցելը: Չէ՞ որ երկու պետական մարդ ոնց որ թե իրար չեն հասկացել, ու մենք հույս ունեինք, որ կհասկանան: Աստծուն փառք, որ հասկացել են իրար»:
Մեր հստակեցմանը՝ Անդրանիկ Մանուկյանն ու Արման Բաբաջանյանը հանդիպել, զրուցե՞լ են, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. «Ինձ մանրամասներ իմ պաշտպանյալը չի հայտնել: Պարոն Մանուկյանն ինձ ասել է, որ մարդկային հարթության մեջ խնդիրը լուծված է, դատական վեճն անհրաժեշտ է դադարեցնել: Ես ենթադրում եմ, որ երկու տղամարդ իրար հասկացել են»:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Մանուկյանը դատարանից խնդրում էր պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, պարտավորեցնել Արման Բաբաջանյանին ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով հերքել իր հասցեին հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտությունները և դրանց համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ՝ ընդհանուր 2 դրամ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ