Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, քրեական գործ է հարուցվել Արթիկի քաղաքապետի կողմից յուրացումներ կատարելու կասկածանքով։ Ըստ քրգործի, Արթիկի մի խումբ բնակիչների անուններով համայնքային բյուջեից որպես սոցիալական օգնություն գումարներ են դուրս գրվել, սակայն դրանք առերևույթ յուրացվել են։
Դատախազության՝ մեզ տրամադրած տեղեկատվության մեջ նշված է հետևյալը․ «Ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Արթիկ համայնքի ղեկավարը 2018 թվականի օգոստոսի 6-ի հրաման-կարգադրությամբ համայնքի մի քանի տասնյակ բնակիչների որպես դրամական օգնություն համայնքային բյուջեից հատկացվել է ընդհանուր մոտ 400.000 ՀՀ դրամ, սակայն այդ գումարները նշված անձանց չեն տրամադրվել և յուրացվել են համայնքի ղեկավարի կողմից:
Նշվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Արթիկ քաղաքի մի շարք բնակիչներ չեն ստացել իրենց անվամբ ցույց տրված զգալի չափերի դրամական օգնությունը։ Բացի այդ, նշված անձինք հերքել են դրամական օգնության ցուցակներում համապատասխան տվյալների դիմաց դրված ստորագրությունն իրենց կողմից կատարված լինելու հանգամանքը։
Նկատի ունենալով, որ ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ և անհրաժեշտ է դեպքի բոլոր հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ նշված փաստի կապակցությամբ 2020 թվականի հունվարի 21-ին նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն»։
Հիշեցնենք, որ Արթիկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից, թեև իր հարազատ կուսակցությունը այդ ժամանակ պաշտոնապես սատարում էր նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին, սակայն թեժ ընտրություններում հաղթեց Մխիթար Վարագյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ