Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Քրեական ենթամշակույթը նախ մեր ուղեղում պետք է փոխենք՝ քաղաքական վերնախավի օրինակով»

Հունվար 22,2020 15:36

Ինչո՞ւ է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը բախում առաջացնում Ազգային ժողովում: Այս թեմայով «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ Parliamentmonitoring.am-ի խմբագիր Մարիամ Բարսեղյանը, վկայակոչելով խորհրդարանում տեղի ունեցած իրարանցումը` նշեց, որ տարիներ շարունակ նման միջադեպեր եղել են:

«Մեր խորհրդարանականներն էլ, որպես սրտի մխիթարանք, ասում են, որ դա հատուկ է բոլոր խորհրդարաններին; Բայց այնուամենայնիվ մեզ մոտ վիճակն այնպես լարվեց, որ խորհրդարանը որոշեց հարցը կարգավորելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծել; Դա դեռեւս հինգերորդ գումարման խորհրդարանն էր: Էթիկայի հանձնաժողովը, սակայն, որեւէ խնդիր չի կարողացել լուծել, ու տարիներ շարունակ նույն պատկերն ունենք:

Թվում էր՝ այս խորհրդարանում, որը չունի մականունավոր պատգամավորներ՝ որակական փոփոխություն կա, մինչդեռ այն, ինչ կատարվեց երեկ, որակի կտրուկ նշան է: Նաեւ փաստ է՝ անկախ մականունավոր պատգամավորների գոյությունից՝ միշտ կլինեն նման քաշքշուկներ, երբ մարդիկ կփորձեն խնդիրը լուծել հայհոյանքով»,-նշեց Մարիամ Բարսեղյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով, բացարձակ ճշմարտություն չէ, որ բոլոր երկրների խորհրդարաններում լինում են բախումներ. «Նման բախումներ լինում են Վրաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում… Սա ավելի շատ բնորոշ է պետական ավանդույթներ չունեցող պետություններին: Ադրբեջանում, իհարկե, չեն լինում նման բաներ, որովհետեւ այնտեղ ընդդիմություն գոյություն չունի:

Թերեւս համոզված եմ, որ այսպիսի բախումներ շատ են եղել եվրոպական երկրներում՝ 19-րդ դարի վերջերին, 20-րդ դարի սկզբներին: Սա ինչ-որ իմաստով ավանդույթային հարց է՝ պետական մտածողության»:

Իրավապաշտպանը նաեւ շեշտեց, որ նման կարգի հայհոյախառն քննարկումները փաստում են քաղաքական բանավեճի բացակայության մասին. «Ցանկացած հարց ոչ թե քննարկվում է փաստ եւ տրամաբանություն սկզբունքով, այլ հայհոյանքներով եւ լուտանքներով: Ցավոք սրտի, սա ցանկացած ոլորտում է առկա եւ նույն բանը տեղափոխվում է նաեւ քաղաքական միջավայր»:

Ավետիք Իշխանյանը հիշեց վերջին տարիները, օրինակ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի խոսքը Սերժ Սարգսյանի մասին, որից հետո, իր խոսքով, գնաց «ռազբիռատ» ԱԺ-ում, հիշեց ՀՅԴ ներկայացուցչի եւ Հրայր Թովմասյանի բանավեճը.«Բազմաթիվ նման օրինակներ կարող եմ բերել, սա մեր մշակույթն է, որը գալիս է կրթությունից, ընտանիքից, փողոցից: Երբեմն ես ականատես եմ լինում, որ տղաների շրջապատում ինքնադրսեւորման հարցը ոչ թե գիտելիքների ձեռքբերումն է, ինչ-որ հարցում առաջատար լինելը, այլ՝ վատ սովորելը եւ հայհոյանքով, համարձակ տղա երեւալը…»:

Ավետիք Իշխանյանի խոսքով, քրեական ենթամշակույթը հենց նշվածն է, եւ դա միայն քրեակատարողական հիմնարկներում ու բանակում չէ. «Քրեական ենթամշակույթը առկա է նաեւ կուսակցություններում, որտեղ բոլորը պետք է մեկին ենթարկվեն, որտեղ ոչ թե զուգահեռ, այլ հիերարխիկ հարաբերություններ են: Այդ ենթամշակույթի դեմ օրենքներով չեն պայքարում, քրեական ենթամշակույթն առաջին հերթին մեր ուղեղում պետք է փոխենք, քաղաքական վերնախավի օրինակով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031