Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբսուրդ չի՞, որ ընդդիմադիր պատգամավորը մեկ այլ պատգամավորի խոսելու ժամանակ մոտենում է նրան եւ սկսում է ընդհատել, հիմա հարց՝ այստեղ ո՞վ է ում ճնշում». Ռուբինյանը՝ Մարուքյանին

Հունվար 22,2020 15:21

Այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերած աղբատարների խնդրով քննիչ հանձնաժողովի կազմը որոշելու նախագծի քվեարկությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց, որ դիմելու են տեղական եւ միջազգային կազմակերպություններին եւ ասելու են, որ ԱԺ-ում կան մարդիկ, որ էյֆորիայից գլուխները կորցրել են, անգլուխ ձիավորի պես գնում են՝ չգիտեն ուր: 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչ հանձնաժողովի թեման չի մտնում ԱԺ իրավասությունների մեջ. «Խնդիր կստեղծեր համապատասխան մարմինների՝ միմյանց լիազորությունների մեջ մտնելու հարցում: Իշխանությունը՝ ե՛ւ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը, ե՛ւ Երեւանի ավագանին խնդիր չունեն որեւէ հարց պարզաբանելու, ճշտելու: «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի մեր գործընկերները ազատ են համապատասխան գործընթաց կազմակերպել Երեւանի ավագանիում, եւ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, որքանով ես եմ տեղյակ, լիովին կաջակցի իրենց այդ հարցում, եւ քաղաքապետն էլ պատրաստ է ավագանու լիազորությունների շրջանակներում մասնակցել այդ գործընթացին»:

Այն, որ էյֆորիայից իմքայլականները գլուխները կորցրել են եւ ժամանակն է սթափվելու՝ Ռուբինյանը համաձայն չէ: Ըստ նրա, ընդդիմությունն ուզում է մի հանձնաժողով ստեղծել, որը հակասահմանադրական է ու բովանդակային փաստարկներ կան, իսկ Մարուքյանն ասում է՝ «դուք ուզում եք կոծկել կոռուպցիան». «Սիրելի Էդմոն, մենք չենք ուզում կոծկել կոռուպցիան, մենք կողմ ենք, որ հարցը քննարկվի Երեւանի ավագանիում: Ամենաբարձր մակարդակով հայտարարում ենք, որ մենք որեւիցե խնդիր չունենք հարցը քննարկելու հետ կապված: Մարդը, որն ուզում էր բովանդակության մեջ մտնել, կբերեր բովանդակային փաստարկներ, սակայն պարոն Մարուքյանը սկսեց կրկին հայտարարել, թե դուք ճնշում եք: Աբսուրդ չի՞, որ ընդդիմադիր պատգամավորը մեկ այլ պատգամավորի խոսելու ժամանակ մոտենում է նրան եւ սկսում է ընդհատել, հիմա հարց՝ այստեղ ո՞վ է ում ճնշում: Ինքն ասում է՝ ինչու էր Միրզոյանը խտրական մոտեցում ցույց տալիս, շատ պարզ պատճառով՝ նկատողություն ստացավ պարոն Մարուքյանը, որովհետեւ ընդհատում էր պարոն Մարուքյանը, եթե ընդհատեի ես կամ մեկ այլ պատգամավոր, կստանայի ես: Ես ուզում եմ կոչ անել մեր սիրելի Էդմոնին, որ ինձ հետ սուրճ պետք չի խմել, պետք է լինել կոռեկտ եւ բովանդակային դաշտում»:

Ըստ Էդմոն Մարուքյանի, քաղաքապետ Հայկ Մարությանը խնդրել է «Իմ քայլը» խմբակցությանը, որ մի բան անեն, հանձնաժողովը չստեղծվի, թե չէ պրոբլեմ է ունենալու: Ռուբինյանը վստահեցրեց, որ Մարությանն այդ հարցով իրենց չի դիմել ու նման բան չի խնդրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031