Լրահոս
Օրվա լրահոսը

Երբևէ լիազոր մարմինների կողմից Մանվել Գրիգորյանին առաջարկ չի եղել ցուցմունք տալ մարտի 1-ի հետ կապված. Լևոն Բաղդասարյան

Հունվար 22,2020 15:00

«Ինձ բռնեցի այն գիտակցության մեջ, որ դատարանին միգուցե անհրաժեշտ չէ կենդանի Մանվել Գրիգորյանը. դատարանին անհրաժեշտ է մահացած Մանվել Գրիգորյանը, որպեսզի այդ ցուցանիշները, որ պետք է ապահովեր, չկարողանան ապահովել»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց՝ չի բացառվում, որ առաջիկա օրերին դիմեն ՀՀ վարչապետին, որ նրա անմիջական հանձնարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը գնահատական կտա Մանվել Գրիգորյանի գործով լիազոր մարմինների կողմից թույլ տրված անօրինություններին:

Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանի գործով գնում է ոչ թե դատավարություն, այլ տևական խոշտանգում երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ. «Եթե այս գործառույթներից հետո համապատասխան դիրքորոշում չի հայտնվելու, նշանակում է մարդկանց՝ տվյալ դեպքում որոշ անձանց, այդ թվում դատարանին, ոչ թե ողջ, այլ մահացած Մանվել Գրիգորյանն է անհրաժեշտ: Այն սկզբունքով, որ չկա մարդ, չկա խնդիր»:

Փաստաբանը հիշեցրեց՝ մեկուկես տարի բարձրաձայնում են, որ անձի հիվանդությունների հետ կապված բացասական դինամիկա է գնում, և չունենալով կալանքի տակ վերցնելու բավարար հիմքեր՝ անձը գտնվում էր կալանքի տակ: Այնուհետև նշեց. «Օրեր առաջ առողջական վիճակի կտրուկ սրացման հետ կապված Մավել Գրիգորյանին տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, մինչդեռ մեղադրող դատախազը տարփողում է, որ ամեն ինչ արել են, որ Մանվել Գրիգորյանը պատշաճ բուժում ստանա: Նախորդ տարի այս օրերին Մանվել Գրիգորյանը գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում, և պետական լիազոր մարմնի ներկայացուցիչը վայրագ ձևով կաթետրը պոկելով թևից՝ Մանվել Գրիգորյանին տեղափոխեց քրեակատարողական հիմնարկ: Դրանից հետո Մանվել Գրիգորյանը տվեց համաձայնություն, որ իր գործը բարձրացվի միջազգային դատական ատյաններում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անհապաղ միջոցներ կիրառեց, որ նման հիվանդություններով անձը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց»:

Նա նաև հիշեցրեց, որ երեկ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման տեղափոխելու միջնորդությունը, այն հիվանդանոց, որտեղ նա բուժվել է շուրջ 20 տարի:

Հարցին՝ այս ամենը կապվա՞ծ է նրա հետ, որ Մանվել Գրիգորյանը համարվում է մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկը, Լևոն Բաղդասարյանն արձագանքեց. «Կապ չեմ տեսնում: Ե՛վ նախաքննության ընթացքում, և՛ այժմ երբևիցե ոչ մեկը լիազոր մարմինների կողմից չի հարցաքննել և առաջարկել, որ նա ցուցմունք տա մարտի 1-ի հետ կապված, երբևէ ցանկություն չի հայտնել, որ մատի 1-ի հետ կապված բացատրություն տա: Մենք, հանրությունը գիտի այն, ինչ գիտի. հետագայում պատմությունը մարտի 1-ի հետ կապված իր ուրույն գնահատականը կտա, թե յուրաքանչյուրն ինչ դերակատարություն է ունեցել դրական կամ բացասական առումով»:

Փաստաբանը նաև հայտնեց, որ այժմ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, տառապում է 30-ից ավելի հիվանդություններով, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, թթվածնային քաղցն այնքան է, որ 24-ժամյա ռեժիմով օգտվում է այդ սարքից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031