Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալների և դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը. «Ժառանգություն»

Հունվար 22,2020 14:50

ՀՀ դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը հիմովին բարենորոգելու  հրամայականը

Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի 2020 թ. վերջին զարգացումները մեր պետությունից պահանջում են արագ և վճռական արձագանքում, բազմակողմ գործողություններ հանրային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտում: «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության պետական համակարգը կարևորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է,  իսկ հասարակական, քաղաքական փոխըմբռնումը գաղափարակից ուժերի միջև գնալով թուլանում է:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը, որը քննվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով, առավել բևեռացրեց իրավիճակը. պարզ դարձավ, որ Հայաստանում դրսի և ներսի աջակցությամբ դեռևս ամուր են այն ուժերը, որոնք կարող են իրենց նպատակների իրականացման ճանապարհին սպանություններ կատարել, ինքնասպանության հասցնել՝ համոզված լինելով, որ նախկինի պես ոչինչ չի բացահայտվի, և անպատիժ կշարունակեն իրենց հանցագործ ծրագրերը՝ ի վնաս մեր  պետական անվտանգության:

Պետության համար նույնքան վտանգահարույց են տնտեսական և սոցիալական քաղաքականության մեջ թույլ տրվող բացթողումները: Նախաձեռնվում են արտաքուստ բարի մտադրություններ կամ տրամաբանություն հետապնդող քայլեր, որոնք սխալ ելակետ ունեն, բնավ մշակված չեն, որի հետևանքով պետական, հանրային շատ ոլորտներ ցնցումների մեջ են հայտնվում: Այսպես՝ մարզային ոչ մեծ ծննդատների փակման որոշումները այն պատճառաբանությամբ, թե այնտեղ բավարար ծննդօգնություն չի մատուցվում, մասնագետներ չկան, ծնունդները քիչ են, ապացուցում է, որ պետությունն օտարվում է իր հիմնական գործառույթից՝ ապահովել ենթակառուցվածքների ու տարածքների համաչափ զարգացումը՝ կանխելով բնակչության կործանարար կենտրոնացումը խոշոր քաղաքներում: Կամ միայն սպանդանոցներում կենդանիների մորթը կազմակերպելու ճիշտ մոտեցումն այնքան անպատրաստ, հապշտապ և անշրջահայաց ներդրվեց, որ մեր պետության մեջ կրկին փողոցներ են փակում, բողոքի օղակի մեջ սեղմում կառավարության շենքը:

Իրավիճակի կարգավորման քաղաքական գործիքները նահանջում են ոչ քաղաքական և բնավ ոչ քաղաքակիրթ մեթոդների առջև: Ազգային ժողովում օրերս ծավալված բանավեճերի մակարդակը վկայում է, որ  գողական կամ բակային ենթամշակույթը դեռ շատ ամուր է խորհրդարանական կառավարում որդեգրած մեր պետության մեջ:

«Ժառանգությունը», որն իր գործունեության ողջ ընթացքում պայքարել է ազատ և ժողովրդավարական արժեքների հաղթանակի համար՝ հանուն ինքնիշխան. անվտանգ, և կայուն առաջընթաց ապահովող Հայաստանի, մտահոգությամբ նշում է, որ ՀՀ իշխանության բոլոր թևերում՝ դատական, օրենսդիր և գործադիր, խորանում է ընդհանուր կառավարման ճգնաժամը, վստահության ներուժը սասանվում է: Սխալների և դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն  վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը: Հանուն ժողովրդավարական, թավշյա և ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի վարչապետը պետք է նախաձեռնի նոր քայլ՝ բարենորոգելու դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը հնարավոր իրավաքաղաքական մեթոդներով: Կլինի դա ազգային համաձայնության կառավարության կազմումը, ուժային կառույցների բարենորոգումը, դատական համակարգի վերբեռնումը, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը:

Հանրությունը և գաղափարակից քաղաքական-հասարակական ուժերը սպասում են վճռական քայլին:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031