Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներին մեխանիկորեն հաշվառումից հանելն անիրագործելի է. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հունվար 22,2020 14:32
passport

Օրերս Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ներկայացնելով հայրենադարձության խթանման վերաբերյալ իր օրենսդրական նախագիծը, նշել է, որ առաջարկվող օրենսդրական կարգավորմամբ 3 տարուց ավել Հայաստանից բացակա քաղաքացիները մեխանիկորեն կհանվեն հաշվառումից:

Պատգամավորն առաջարկում է այս կարգավորումը, որպեսզի փաստացի արտագաղթած և հայրենադարձման ցանկություն ունեցող քաղաքացիները չլինեն Հայաստանում հաշվառված և կարողանան (այդ թվում՝ ԵԱՏՄ կարգավորումների սահմաններում) օգտվել անձնական գույքը առանց մաքսատուրքերի Հայաստան բերելու հնարավորությունից:

Հաշվառումից մեխանիկորեն հանելու այս կարգավորումը, սակայն, ունի լրջագույն խնդիր, և դրա արդյունքում փաստացի Հայաստանում գտնվող հազարավոր քաղաքացիներ կհանվեն հաշվառումից և Հայաստանից բացակայող առավել մեծ թվով քաղաքացիներ կմնան հաշվառված:

ՍԷԿՏ-ը միաժամանակ չի ներդրվել

ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 884 որոշմամբ ստեղծվեց Սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը (ՍԷԿՏ): Այդ համակարգում առկա են տվյալներ բոլոր սահմանահատումների մասին, որոնք սահմանապահ զորքերի ծառայողների կողմից մուտքագրվում են հատուկ՝ «Բայազետ» համակարգի միջոցով: Սա է միակ տվյալների բազան, որով կարելի է պարզել քաղաքացու՝ երկրից ներս կամ դուրս լինելու հանգամանքը:

Հայաստանի պետական սահմանի անցակետերը «Բայազետ» համակարգերով կահավորվել են որոշակի ժամանակահատվածի ընթացքում՝ 2006-2013 թվականներին:

Այստեղ գործ ունենք առաջին խնդրի հետ. այն քաղաքացիների մասով, որոնք հանրապետությունը մեկընդմիշտ լքել են նախքան համակարգի ներդրումը, ՍԷԿՏ-ում չկան տվյալներ, և որևէ կերպ հնարավոր չէ պարզել՝ քաղաքացին երկրում է, թե ոչ:

Երկրորդ խնդիրը կապված է «Բայազետ» համակարգերի ոչ միաժամանակ ներդրման հետ: Շատ քաղաքացիներ 2007 թվականին Հայաստանը լքել են «Զվարթնոց» սահմանային անցակետով (և ելքը գրանցվել է), իսկ հետ են վերադարձել, օրինակ, Բավրայով (և մուտքը չի գրանցվել): Կամ 2008 կամ 2009 թվականին երկիրը լքել են, օրինակ, Բագրատաշենով կամ Այրումով և հետ են եկել Գոգավանով: Այդ բոլոր քաղաքացիների մասով, փաստացի, ՍԷԿՏ-ում արձանագրված է միայն ելքը, թեպետ այդ մարդիկ իրականում հանրապետությունում են:

Երկքաղաքացիները

Գաղտնիք չէ, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հանդիսանում են նաև օտար պետությունների քաղաքացի: Այդ անձինք ազատ են ընտրելու, թե որ պետության անձնագրով կհատեն Հայաստանի սահմանը և հաճախ լինում են դեպքեր, երբ քաղաքացին մի անձնագրով ելք է գործում երկրից, մեկ այլ անձնագրով՝ մուտք գործում:

ՍԷԿՏ համակարգը հաշվարկված է նման դեպքում նույնացնելու տարբեր անձնագրերով սահմանը հատած անձին որպես միևնույն անձ, սակայն միայն եթե քաղաքացու երկու անձնագրերում անունը և ազգանունը էապես չեն տարբերվում: Սակայն լինում են դեպքեր, երբ տարբերվում են:

Այսպես, օրինակ, Ռուսաստան արտագաղթած «Սասուն» անունը կրող հայերը ՌԴ-ում, հասկանալի պատճառներով, հաճախ փոխում են անունը և գրանցվում որպես «Սերգեյ»: Այսինքն, միևնույն անձը հայկական և ռուսական անձնագրերում տարբեր անուններ է ունենում: Կամ արտերկրում ամուսնացած և այնտեղ ամուսնու ազգանունը վերցրած կանայք, որպես կանոն, նույնը չեն անում Հայաստանում, և հայկական անձնագրում նշված է լինում օրիորդական ազգանունը, իսկ օտարերկրյա անձնագրում՝ ամուսնու ազգանունը:

Այստեղ էլ հանգում ենք երրորդ խնդրին. ՍԷԿՏ համակարգը հաճախ չի կարողանում նույնականացնի տարբեր անձնագրերով սահման հատած երկքաղաքացիներին, և արդյունքում համակարգում սխալ տվյալներ են լինում ՀՀ քաղաքացու՝ երկրում գտնվելու կամ բացակայելու մասին:

Քանակը

Թեև Ազգային անվտանգության ծառայությունում իրապես ջանք չեն խնայում այս խնդիրների (մասնավորապես՝ 3-րդ խնդրի) ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, այդուհանդերձ, կատարված որոշակի հետազոտությունների համաձայն՝ մոտ 1500-2000 ՀՀ քաղաքացի, իրականում գտնվելով հանրապետությունում, սակայն ՍԷԿՏ համակարգի տվյալներով՝ լքել են Հայաստանը և չեն վերադարձել:

Բնականաբար, շատ ավելի մեծ է այն անձանց քանակը, ովքեր իրականում շատ վաղուց Հայաստանում չեն, սակայն, ըստ ՍԷԿՏ-ի, երբեք չեն լքել հանրապետությունը: Ըստ էության, խոսքը նախքան ՍԷԿՏ-ի ներդրումը և «Բայազետ»-ով կահավորումը Հայաստանը լքած հարյուր հազարավոր մարդկանց մասին է:

Այլ կերպ ասած, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառման դեպքում հարյուր հազարավոր քաղաքացիներ, չլինելով Հայաստանում, կմնան հաշվառված, և մոտ 1500-2000 քաղաքացի, լինելով Հայաստանում, կզրկվեն հաշվառումից:

Այսպիսով, անհրաժեշտ է գտնել այլ ուղիներ փաստացի արտագաղթած քաղաքացիներին հաշվառումից հանելու և դրանով, հայրենադարձման դեպքում, նրանց համար մաքսային արտոնություններից օգտվելու մեխանիզմը հասանելի դարձնելու համար։

 Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031