«Մեր բոլոր միջազգային եւ տեղական գործընկերները պետք է տեղեկացված լինեն, որ այստեղ մարդիկ կան, որ գլուխները կորցրել են, անգլուխ ձիավորի պես գնում են, գլխի չեն, թե ուր են գնում: Էդ բոլոր գլուխները կորցրած մարդկանց պետք է բերել ու նստեցնել իրենց տեղերը, որ հասկանան՝ ինչ են անում: Այս ամբողջի քաղաքական մեղավորությունը վարչապետի վրա է»,- այսօր հրավիրած ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցենք, որ այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերած աղբատարների խնդրով քննիչ հանձնաժողովի կազմի ձեւավորումը:
Մարուքյանը հայտարարեց, որ իշխանությունները էյֆորիայից իրենց գլուխը կորցնում են, տրվում են գայթակղությանը. «Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է ու տրվում իշխանություն ունենալու գայթակղությանը»:
Այսօր Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ կիրառեց Էդմոն Մարուքյանի նկատմամբ, Ռուբեն Ռուբինյանի հետ վիճաբանությունից հետո: Ըստ Մարուքյանի, ԱԺ նախագահը նոր իմացել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով կարող է պատժամիջոցներ կիրառել, բայց դա կիրառում է ընտրովի. «Երբ իշխանական պատգամավորները մեզ համեմատում են ձիու հետ, կամ ասում են աղբը քչփորողներ, նիստը խանգարում են, այդ նույն սանկցիաները չեն կիրառվում այդ մարդկանց նկատմամբ: Ես 7 տարի է պատգամավոր եմ՝ էլ սեղաններին խփել ենք, էլ տեղից գոռացել ենք, ճվացել ենք, էդ սանկցիաներից ոչ մեկը մեր նկատմամբ չի կիրառվել: Ուզում եմ սթափության կոչ անել՝ տղաներ եւ աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ