Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես ապշած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է այդքան անլուրջ մոտենալ ինքն իր խոսքին, ԱԺ նախագահի դիրքը կա՞, թե՞ չկա». Էդմոն Մարուքյան

Հունվար 22,2020 13:19

Այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերած աղբատարների խնդրով քննիչ հանձնաժողովի կազմի ձեւավորումը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց, որ հեղափոխությունից հետո ՀՀ խորհրդարանական կյանքում այն, ինչ իշխանությունն անում է, սա երեւի թե առաջին մեծ հետընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից, թափանցիկությունից, ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով: Այս ավանդույթը կարող է դառնալ շարունակական:

Մարուքյանն ասաց, որ իշխանությունն ինքն էր շահարկում, որ ընդդիմությունը քննիչ հանձնաժողով կարող է ստեղծել, ուժեղ է եւ այլն: Նա մեջբերեց ԱԺ կանոնակարգ օրենքից, ըստ որի, եթե ԱԺ նախագահին հասցեագրված դիմումն ուղարկում են ու եռօրյա ժամկետում դիմումը չի վերադարձվում, պիտի հայտարարի, որ հանձնաժողովը ստեղծված է իրավունքի ուժով, ինչն արել է Արարատ Միրզոյանը՝ դեկտեմբերի 5-ին նման հայտարարություն անելով: Մարուքյանն ասաց, որ Միրզոյանը հայտարարության մեջ ընդգծել է, որ տպավորություն չպետք է ստեղծվի, որ ԱԺ-ն գործում է իր իրավասությունից դուրս, բայց եւ չպիտի տպավորություն լինի, որ որեւէ բան կոծկելու միտում ունեն իրենք: Մարուքյանն ասաց, որ ապշած է, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է այդքան անլուրջ մոտենալ ինքն իր խոսքին. «ԱԺ նախագահի դիրքը կա՞, թե՞ չկա, գոյություն ունի՞, որքանո՞վ է արդյունավետ»:

Մարուքյանն ասաց, որ հանձնաժողովը ստեղծված է ու սպասում էին, որ պետք է կազմը հաստատվի. «Կազմը հաստատելու փոխարեն 23 պատգամավոր իշխանությունից գրանցվում է ու ասում՝ վա՜յ, իրավունք չունեք»:

Թե ինչու այդպես արեցին, Մարուքյանն իր վարկածն ունի՝ Հայկ Մարությանն է խնդրել, ասել է՝ եթե հանձնաժողովը ստեղծվեց, ես պրոբլեմ եմ ունենալու:

Իշխանության խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու: Մարուքյանը տարակուսած է. «Առավոտը գալիս է ու ասում է՝ «Իմ քայլը» չի քվեարկի, երկրում անլրջության շքերթ է… Մարդիկ վախենում են ստեղծեն մի հանձնաժողով, որտեղ իրեն մեծամասնություն են, իշխանությունն ունենալու էր հանձնաժողովում 7 անդամ: Եթե դեմ քվեարկեին, Հայկ Մարությանին չէին հրավիրելու հանձնաժողով, օրինակ: Կան վախեր ու փոխանակ փարատեն կասկածները, իրենք կասկածները խորացնում են»:

Թե ինչ գործողություններ են անելու՝ Մարուքյանն ասաց, որ անհասկանալի պատային իրավիճակ է: Կազմի ձեւավորումը տապալել է իշխանությունը, կմտածենք ինչ անենք: Կուսակցության խորհուրդը հայտարարություն է նախապատրաստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031