Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը, որը Հրայր Թովմասյանի կնոջ քրոջ ամուսինն է, եւ ում պատկանում է հայտնի նոտարական գրասենյակը, արդեն Հայաստանում է։
Նա դեկտեմբերի 28-ին հարցազրույց էր տվել եւ ասել, որ պատրաստվում է գալ Հայաստան, պատասխանել նախաքննության մարմնի հարցերին եւ ներկայացնել, թե ինչ պայմաններում է 2009 թվականին ձեռք բերել այն գույքը, որը վերագրվում է Հրայր Թովմասյանին, եւ որի պատճառով վերջինիս պաշտոնի չարաշահման մեղադրանք է առաջադրվել։
Ղազարյանի փաստաբան Հայկ Քոչինյանը տեղեկացրեց, որ ինքը հունվարի 9-ին քննիչի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ տեղեկացնելով, որ հունվարի 20-ին Ղազարյանը լինելու է Հայաստանում, ներկայանալու է վարույթն իրականացնող մարմնին․ «Ես երեկ եմ նաեւ խոսել քննիչի հետ, խնդրեցի՝ հարցաքննությունը կազմակերպել կա՛մ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կա՛մ վաղն առավոտյան՝ հաշվի առնելով, որ պարոն Ղազարյանը պետք է գնա, անհետաձգելի գործեր ունի։ Քննիչի հետ ձեռք եմ բերել փոխադարձ պայմանավորվածություն, բայց դեռեւս չի զանգահարել, քննիչին ենք սպասում»։
– Նախաձեռնությունը ձերն է՝ հարցաքննվելու, իրավապահ մարմիններին ի՞նչ պարզաբանումներ եք ներկայացնելու։
Կարդացեք նաև
– Բնականաբար, նախաձեռնությունը պետք է լիներ մեր կողմից, որովհետեւ հրապարակվել էր հաղորդագրություն, որում արծարծված փաստական հանգամանքներն իրականության հետ աղերս չունեին։ Դրա համար պարոն Ղազարյանը, վրդովված, հազարավոր կիլոմետրեր է կտրել, որպեսզի գա եւ ներկայացնի այդ պարզաբանումները, համապատասխան հիմքեր, տեղեկություններ, որ այդ վիճարկված գույքը, շահարկվող գույքն իրեն է պատկանում սեփականության իրավունքով, եւ Հրայր Թովմասյանը դրա հետ առնչություն չունի։ Այդ պատճառով էլ նախաձեռնությունը հենց Ռուբիկ Ղազարյանինն է։ Այնուհանդերձ, ես գտնում եմ, որ շահագրգիռ կողմը պետք է վարույթն իրականացնող մարմինը լինի՝ կապված այս գործի լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության հետ։ Պարոն Ղազարյանը պատրաստ է ներկայացնել այն բոլոր տեղեկությունները, որոնք իր ձեռքի տակ կան։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում