Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ներկայացրեց Ամանորի ծախսերի դրամական արդյունքները

Հունվար 22,2020 12:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձավ Ամանորի տոնական միջոցառումներն անցկացնելու համար հատկացված գումարին եւ դրա արդյունքներին: Փաշինյանն աննախադեպ համարեց ծախսած գումարից ստացած արդյունքները:

Վարչապետը հիշեցրեց՝ կառավարությունը 271 միլիոն դրամ էր հատկացրել Երեւանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքում տոնական միջոցառումների համար, սրա նպատակն էր՝ զբոսաշրջիկների եւ տեղացիների համար Երեւանում Ամանորն ավելի գրավիչ դարձնել:

Փաշինյանը արդյունքները թվերով ներկայացրեց. «2019 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն է եղել: 271 միլիոն հավելյալ ծախսելով, կարող ենք ենթադրել, որ 9 միլիարդ ավելի դրամաշրջանառություն է եղել: Սրանից մոտ 4 միլիարդը տեղի է ունեցել ՀՀ մարզերում: Այս իրավիճակի վերլուծությունն ասում է՝ այդ գումարը ծախսելով՝ մեր հայրենակիցներին ու զբոսաշրջիկներին մղել է, քաջալերել է Ամանորին եւ Սուրբ Ծննդյան օրերին գալ Երեւան, 1-2 միջոցառումներին մասնակցելով՝ նրանք գուցե այցելել են մարզեր՝ իրենց հարազատներին տեսնելու, տեսարժան վայրեր այցելելու: Հունվարի երկուսին երեխաների հետ բարձրացանք Սեւանավանք, ու զարմացած էի, թե ինչ մեծ թվով զբոսաշրջիկներ կային, ու նաեւ՝ օտարերկրյա: Եկել էին Սեւանն ու Սեւանավանքը դիտելու»:

Փաշինյանն ասաց՝ 9 միլիարդից 4 միլիարդը ծախսվել է մարզերում. «Ու այդ գումարը գնացել է փոքր կրպակներին, տաքսու վարորդներին, չնայած տաքսու վարորդների շրջանառությունն այստեղ չկա, ենթադրվում է գումարն ավելին է: Եվ այսպիսով, փոքր բիզնես ունեցողներին օգնել ենք հավելյալ եկամուտներ գեներացնել»:

Վարչապետի հավաստմամբ՝ ամենամեղմ հաշվարկներով 9,3 միլիարդ հավելյալ առեւտրաշրջանառության արդյունքում 325 միլիոն հարկ է գեներացվելու:

Նա վստահեցրեց՝ մյուս տարի ավելի լայնածավալ ծախսեր պետք է անեն:

Ապա Փաշինյանը ներկայացրեց, թե որ մարզում հավելյալ առեւտրաշրջանառությունը որքան է կազմել՝ Արագածոտնում՝ 268 միլիոն դրամ, Արարատ՝ 254 միլիոն, Արմավիր՝ 1 միլիարդ 777 միլիոն, Գեղարքունիք՝ 228 միլիոն, Լոռի՝ 249 միլիոն, Կոտայք՝ 416 միլիոն, Շիրակ՝ 342 միլիոն, Սյունիք՝ 124 միլիոն, Վայոց ձոր՝ 108 միլիոն, Տավուշ ՝ 79 միլիոն դրամ:

«Զրո լումայի կորուստ ունենալով՝ ապահովեցինք 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն»:

 

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/174805020424746/

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031