Երեւանի քաղաքապետարանում եւ քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունում հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին որոշման նախագիծն այսօր ԱԺ-ում չընդունվեց: Հանձնաժողովը ստեղծվել էր ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի բավարար չափով ստորագրությունների հավաքման հիման վրա:
Մինչեւ քվեարկությունը «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց «Իմ քայլին»՝ հույս հայտնելով, որ հանձնաժողովի ստեղծումը չեն տապալի. «Տապալումը վատ նախադեպ է ստեղծելու խորհրդարանական Հայաստան ունենալու մեր բռնած ճանապարհին: Այն լուրջ քաղաքական հետընթաց կարող է արձանագրել ժողովրդավարության համար»:
ԲՀԿ-ի անունից էլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միացավ Մարուքյանի կոչին. «Ի վերջո, դուք վատ վիճակի մեջ եք դնում ձեր քաղաքապետին, ով, վստահ եմ՝ լավ իրավախորհրդատուներ ունի, եւ ինձ ուղղորդել էր «կամազների» հետ կապված բոլոր հարցերն ուղղել ԱԺ-ում իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովին: Դուք դրանում ունենալու եք մեծամասնություն եւ կարող եք փարատել ողջախոհ կասկածները»:
«Իմ քայլի» անունից Լիլիթ Մակունցն էլ հայտարարեց՝ վատ նախադեպ է, երբ քննիչ հանձնաժողովը քննարկի հարցեր, որոնք իր լիազորություններում չեն եւ պարունակում են հակասահմանադրական տարրեր. «Մեր առաջարկն է, որ ԼՀԿ-ն դա անի իր ավագանու միջոցով: «Իմ քայլը» չի մասնակցելու այս քվեարկությանը»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց՝ քաղաքական մեծամասնությունն ունի քաղաքական կամք խոսելու, հետազոտելու, բայց դա պետք է արվի ինստիտուցիոնալ ձեւով. «Չենք կարող գնալ մի քայլի, որը կասկածելի է սահմանադրականության առումով»:
«Կողմ» էր քվեարկել 39, «դեմ»՝ 2, իսկ «ձեռնպահ»՝ 0 պատգամավոր:
Էդմոն Մարուքյանը քվեարկությունից հետո արձագանքեց Միրզոյանին. «Դուք չունեք քաղաքական կամք՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: Հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակով նման հետընթաց է գրանցվում: Նման նախադեպ չի եղել անգամ նախկին խորհրդարանում: Այս հետընթացով ժողովրդին ցույց եք տալիս, որ ստեղծված քննիչ հանձնաժողովում քաղաքական մեծամասնություն ունենալով՝ դուք վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը, եւ Երեւանի ավագանին է որոշում, թե ԱԺ-ն ինչ անի»: Մարուքյանը կատարվածը խայտառակություն որակեց:
«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն Էդմոն Մարուքյանին կոչ արեց կոռեկտ արտահայտվել. «Եթե նախկին խորհրդարանը կարոտում եք, կարող եք գնալ նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»: Մարուքյանը տեղից վեր կացավ եւ մոտեցավ Ռուբինյանին՝ սուրճ խմելու հետ կապված ինչ որ բաներ ասելով, որոնք լսելի չէին: Արարատ Միրզոյանը կոչ արեց հանդարտվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ