Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Սերգեյ Ատոմյանը, Սեդրակ Թևանյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները երեկ հանդիպել են Կառավարության որոշումից դժգոհ անասնապահների հետ: Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից:
Մարզպետն ու պատգամավորները լսել են ցուցարարների բողոքները, ներկայացրել հնարավոր լուծումները:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ մարզպետը նշել է, որ հարցի ճիշտ լուծումը բոլորին հասանելի սպանդանոցներ ունենալն է:
«Մեր մարզի մասշտաբներով կարող եմ ասել, որ, օրինակ, Զանգակատուն համայնքից մինչև Մասիսի սպանդանոց հասնելը անհարմարություն կստեղծի մեր գյուղացիների համար: Ամեն դեպքում սահմանափակումներ են լինելու, պետք է ապահովենք մեր քաղաքացիների՝ մաքուր, անվտանգ մսամթերք օգտագործելու իրավունքը և փորձենք խուսափել համաճարակներից, թունավորման դեպքերից»,- իր խոսքում նշել է Գարիկ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Պատգամավորները գյուղացիների, ֆերմերների բարձրացրած հարցերն այսօր կներկայացնեն Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:
Արարատի մարզպետարանի հաղորդագրություն