Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, կապված տարբեր միջազգային կոնվենցիաների, օրենքների (օր. Ընտանեկան բռնության) ընդունման հետ հարցերում, շատ է քննարկվում «ավանդական արժեքները, հայկական ավանդական ընտանիքը, որպես սրբություն» պահպանելու հարցը։
Սույն հոդվածով, այժմ չեմ ցանկանում անդրադառնալ վերոնշյալ բանավեճերին, այլ ընդհանրապես մեր պատկերացմամբ, ավելի լայն՝ «ընտանիք» հասկացողությանը։ Նախապես ասեմ, որ հավակնություն չունեմ մասնագիտական՝ ազգագրական, սոցիոլոգիական հետազոտությունների վրա եզրակացություններ անելու։ Համարեք, որ սա զուտ սիրողական դիտարկում է։
Արդ, ո՞րն է իրականում մեր պատկերացումը «ավանդական ընտանիքի» մասին, որն ըստ մեզ տարբերվում է այլ, բանավեճերում հաճախ եվրոպական ընտանիքներից։ Ընտանիքի անդամների, մասնավորապես, կնոջ եւ ամուսնու միմյանց նկատմամբ հավատարմությու՞նը, երեխաների եւ թոռների նկատմամբ անսահման սե՞րը, թե՞… Կարծում եմ՝ թե… Հայկական «ավանդական» ընտանիք ասելով, մեր հանրությունն առաջին հերթին պատկերացնում է մի կուռ ամբողջություն՝ իր անդամներով, որոնք բոլոր հարցերում ունեն նույն մտածողությունն ու կարծիքը։ Իհարկե, ընտանիքն ունի իր առաջնորդը, որը հիմնականում տան տղամարդն է՝ ամուսինն ու հայրը, (գերդաստանի դեպքում՝ հայր, պապ, հորեղբայր, քեռի), եւ մնացած բոլոր անդամներն անվերապահորեն պետք է հետեւեն նրան ու նրա ցուցումներին։ Ընտանիքն է որոշում երեխաների ճակատագիրը՝ ուսում, մասնագիտություն, աշխատանք, ամուսնություն («տղաներիս ամուսնացրի, տղայիդ չես ամուսնացրե՞լ») եւ այլն։ Եվ կարծում եմ պատահական չի, որ երեխաները, հատկապես տղաները, հիմնականում «ընտրում են» հոր, կամ ազդեցիկ հորեղբոր (հոպարի), քեռու մասնագիտությունն, ավելի ճիշտ՝ դիպլոմը։ Ավանդաբար, մեզ համար առաջնահերթություն է «ընտանիքը լավ պահել» հասկացությունը, ընդ որում՝ ամեն գնով. «Բայց ընտանիքը լավ է պահում, մալադեց»։ Հանուն ընտանիքի, մենք բացարձակապես անտեսում ենք հանրային շահը։
Այդպես, քայլեք Երեւանի կենտրոնական փողոցներով, նայեք շենքի ֆասադին՝ «բացված» մուտքեր ու աստիճաններ, հետո հայացքը վեր բարձրացրեք դեպի շենքերի տանիքները։ Աղճատված են շենքերի ճարտարապետական ողջ պատկերներն, իրենց կցակառույցներով, «շուշաբանդներով» եւ այլն, շենքերի բակերը գարաժապատված եւ բոստանապատված։ Մտածելով ընտանիքի մասին, «լեզու» ես գտնում քաղաքապետարանի համապատասխան աշխատողի հետ, եւ երկուսդ էլ մտածում եք ձեր «ընտանիքի» մասին. «Հա՛, սրտիդ մեռնեմ, էս էլ բեր…, հարցը կլուծվի»։ Էլ չեմ խոսում Երեւանի արվարձանների անհասկանալի, հակաէսթետիկական տեսքի մասին՝ նախկին փողոցները վերածված են «բազարային» տարածքների։ Իսկ Հայաստանի ողջ տարածքի աղբակույտե՞րը։ Այդ սարերը, ձորերն ու գետերը հանրային տարածք են, ուստի եւ «ինձ ի՞նչ»։ Մեր «ավանդական ընտանիքի» առանձնահատկություններից է նաեւ, տարբեր, հատկապես քաղաքական հարցերում լինել միակարծիք. ողջ ընտանիքով քվեարկել նույն քաղաքական ուժին։ Եվ հենց այս «ընտանեկան», անձնական շահի տեսանկյունից էլ, մենք, իսկապես անկեղծ մտածում ենք. «Հա՛, էսինչը էնինչի փեսա՞ն է, սանի՞կը, զոքանչը եւ այլն, չէ՞… Դե՛ պարզ է»։ Կամ «Նա էսինչից հաստատ փող է ստանում»։
Կարդացեք նաև
Մեր հանրությանը անհասկանալի է, որ նույն ընտանիքում կարող են միմյանց հարգել, բայց տարբեր՝ հանրային, քաղաքական հարցերում ունենալ տարաձայնություններ, նույն ընտանիքի անդամներն ընտրեն տարբեր քաղաքական ուժերի, կամ առանց շահի ունենալ սեփական կարծիք։ Չենք պատկերացնում նաեւ, որ որեւէ մեկն, իր սկզբունքների պատճառով, կարող է ունենալ հենց «ընտանիք պահելու» բարդություններ։ Լեռ Կամսարի օրինակը խորթ է մեզ համար, մեր պատկերացմամբ, նա հարիֆ էր։ Եվ հենց այդ «ավանդական» արժեքներից ելնելով, հարձակումներ են գործում հարազատների նկատմամբ, հնազանդեցնելու համար հիմնական թիրախին։ Եվ, ցավոք այդ արվում է նաեւ պետական մակարդակով։
Հիշենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարազատների նկատմամբ հետապնդումները։ Ի դեպ, նույն «ընտանեկան» մտածողությունն է տիրում նաեւ հայաստանյան կուսակցություններում։ Հայաստանում կուսակցություն հիմնադրում են ոչ թե ինչ-որ գաղափարի շուրջ համախմբված համախոհներն, այլ՝ անհատը, առավել լայն իմաստով՝ «ընտանիք պահելու» համար։ Ստեղծված կուսակցությունն արտացոլումն է մեր «ավանդական ընտանիքի» հասկացությանն՝ իր ընտանիքի հայր-առաջնորդով։ Ցույց տվեք հայաստանյան մեկ կուսակցություն, որը քաղաքական պայքարում՝ ընտրություններ, հեղաշրջում, հեղափոխություն, ձախողվել է եւ կուսակցության հայրը կամ հրաժարական է տվել, կամ «կուսակցությունն» արտահերթ համագումարով նոր առաջնորդ է ընտրել (իհարկե, կուսակցական ներկապնակում, իսկապես ավանդաբար, այլ կառուցվածք ունի ՀՅԴ-ն)։
Եվ եթե կուսակցություն ստեղծողն ու այն ֆինանսապես «պահող» հայրը, ֆիզիկապես կամ բարոյապես մահանում է, կուսակցությունից հիշվում է միայն նրա բարձրագոչ անունը։ Ընդդիմախոսները կարող են բերել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) օրինակը, որն ունեցել է չորս առաջնորդ։ Բայց ընդունենք, որ Աշոտ Նավասարդյանի հիմնադրած կուսակցությունը, նրա մահից հետո, ամենայն հավանականությամբ, նույնպես կմահանար, եթե արդեն 1998թ. Հայաստանի իշխանության իրական տեր Վազգեն Սարգսյանին դուր չգար կուսակցության անվանումն ու նա այն չառաջնորդեր դեպի իշխանության կուսակցություն։
Հետո… իսկ հետո, դառնալով իշխանական կուսակցություն, հայրերը փոխվեցին, հերթական հոր մահից հետո։ Չէ՞ որ, Աշոտ Նավասարդյանին զուգահեռ, նույնպես նախկին խորհրդային այլախոհ Ազատ Արշակյանը ստեղծեց «Քրիտոնեա-Դեմոկրատական», իր կուսակցությունը նույնպես։ Բայց Վազգեն Սարգսյանը նախընտրեց ՀՀԿ-ն եւ քրիստոնյա-դեմոկրատները մոռացվեցին։ Հակառակ դեպքում, բոլոր հանրապետականները այսօր կլինեին քրիստոնյա-դեմոկրատներ եւ Նժդեհի փոխարեն, հավանաբար կտեղադրվեր Խրիմյան Հայրիկի արձանը, իսկ ՀՀԿ-ից անջատված, Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կկրեր «Դեմոկրատ-Քրիստոնյաներ» անվանումը:
Մեր կուսակցություններն, ինչպես նշեցի, ունենալով բարձրագոչ անվանումներ եւ մեզ խոստանալով ժողովրդավարություն, իրենք բացարձակապես զուրկ են ներքին ժողովրդավարությունից, գոյություն չունի կուսակցական ֆրակցիոնիզմ հասկացությունը։ Պատկերացնու՞մ եք, ԲՀԿ կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններում այլակարծություն եւ ֆրակցիա։ Իհարկե, փորձեր եղել են որոշ կուսակցություններում հաստատել բազմակարծություն (ԱԺՄ, Ժառանգություն), բայց փորձը ցույց տվեց, որ կուսակցական դիկտատն ավելի արդյունավետ է, վերոնշյալ կուսակցությունները կամ տրոհվեցին նմանատիպ անվանումներով տարբեր կուսակցությունների (ԱԺԿ, ԱԺԴ, ՀԺԱՄ), կամ քայքայվեցին (Ժառանգություն):
Այսպես կոչված, քաղաքական պայքարն էլ, պարզվում է էլի ուղղված է «ընտանիքը լավ պահելուն»։ Արդյոք, այդ չե՞ն վկայում, արդեն նոր «չկոռումպացված իշխանությունների» բազմամիլիոնանոց պարգեւավճարները։ Չէ՞, որ հանուն հանրային, պետական շահի քաղաքական գործիչ՝ նվիրյալներ չկան։ Եվ եթե, նախորդ շրջանը համարվում է «պետության զավթման» շրջան, ապա քաղաքական պայքարն էլ, պարզվում է, պայքար է ՝ հանուն նույն պետության վերազավթման համար։ Եվ արդյո՞ք, ինչպես «ավանդական ընտանիքից» սկսած, շարունակած կուսակցություններով, կուսակցապետերն իշխանության գալով, չեն պատկերացնում նաեւ նույն ձեւով իշխանություն ունենալ ժողովրդի նկատմամբ. «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը»։
Վերափոխելով Վիկտոր Չերնոմիրդինի հայտնի խոսքը. հայկական իրականություն, կունենանք. «Ինչ կուսակցություն ստեղծում ես, դառնում է հայկական ավանդական ընտանիք»։ Քանիցս լսել եմ տարբեր քաղաքական գործիչներից. «Եթե այս անգամ էլ պատգամավոր չդառնամ, երկրից հեռանալու եմ»…եւ հեռանում են։ Մոտավորապես նույն վիճակն է ՀԿ-ներում, լրատվամիջոցներում՝ իրենց անփոփոխ ղեկավարներով։ Էլ չասենք, որ շատ ՀԿ-ներ կամ անձ-կազմակերպություններ են, կամ ընտանեկան՝ ամուսիններ եւ այլն։
Իսկ հայկական բիզնե՞սը։ Վստահ եմ, որ, այսպես կոչված բաց բաժնետիրական, փակ բաժնետիրական ձեռնարկությունները շատ ձեւական են։ Իրականում, դրանք ղեկավարվում են ձեռնարկություն-ընտանիքի հոր կողմից։ Իսկ կոոպերատիվնե՞ր, կոոպերատիվներ, որոնք կարող էին զարգացնել եւ հարստացնել, հատկապես գյուղերն ու գյուղացիներին։ Բայց՝ ոչ, գյուղացիներն իրար չեն վստահում եւ նախընտրում են, որպես հպատակ-մշակ աշխատել տիրոջ մոտ, կամ մեկնել արտագնա աշխատանքի։ Իսկ տարբեր մասնավոր ձեռնարկություններում եւ պետական հիմնարկներում աշխատող հպատակնե՞րը։ Նրանք պատրաստ են նվաստանալ, հպատակվել, բայց միավորվել եւ իրենց շահերը պաշտպանելու համար արհմիություններ ստեղծել՝ ոչ։ Ամեն գնով «ընտանիք պահելու» եւ անձնական շահի մոլուցքը չի՞, արդյոք նաեւ մեր հասարակական-քաղաքական գործիչների տարաբնույթ աշխարհաքաղաքական «կողմնորոշումները»։ Երեկվա ռուսական կողմնորոշում ունեցողն, այսօր արեւմտամետ է, եւ հակառակը։ Փոխանակ մտածելու Հայաստանի, որպես պետության հզորացնելու մասին, մեր դժբախտությունների համար մեղավոր են փնտրում։
Բազմիցս եմ հարցրել, ո՞ր պետությունն է խանգարել մեզ այս շուրջ 30 տարիներին ուժեղ պետություն ստեղծելու։ Համոզված եղեք, միայն մեր մտածողությունը։ Կարծում եմ հարցը կամ այդ պահին փոխվող անձնական շահն է, կամ էլի հոր, բայց ավելի գլոբալ հոր փնտրտուքը։ Չգիտեմ, որոնք են պատճառները, կամ երբ ենք դարձել հիմնականում, անձնական, ընտանեկան շահը գերադասող հանրային՝ այն է` պետական շահից, բայց որ սա իրականություն է, չեմ կասկածում։ Կարծում եմ՝ հանրային, պետական մտածողության բացակայությունն է նաեւ, եւ նախորդ եւ ներկա իշխանությունների ներկայացուցիչներից շատերի ինչ-ինչ պատճառներով բանակում չծառայելու հանգամանքը։ Այո, օրենքը նախատեսում է չծառայածին զբաղեցնել պետական պաշտոն, բայց պետական մտածողություն ունեցող հասարակության մեջ գործում են նաեւ չգրված օրենքներ։ Այդպիսի, հատկապես պերմանենտ պատերազմի մեջ գտնվող երկրում, որեւէ կուսակցություն չէր հանդգնի պատգամավորի կամ նախարարի թեկնածու ունենալ, նույնիսկ օրենքով բանակից ազատվածի, էլ չեմ ասում հանրությանը հայտնի փաստաթղթեր կեղծողի մասին։
Կարելի է այլ օրինակներ նույնպես բերել, օրինակ` ֆուտբոլը, որը նույնպես կոլեկտիվ շահ եւ մտածողություն է պահանջում։ «Արարատ-73»-ի օրինակը տեղին չէ։ Իր բոլոր բացասական դրսեւորումներով հանդերձ, ԽՍՀՄ-ը ինչ-որ չափով, թեկուզ արհեստականորեն, մեր մեջ կոլեկտիվիզմի մտածողություն էր պարտադրել։ Հետո…հետո վերադարձանք մեր իրական արմատներին։
Ինչեւէ, այս մտածողությունն, ի վերջո կարող է ավարտվել պետության …լեզուս չի պտտվում։ Հնարավո՞ր է արդյոք արմատապես փոխել մեր այս, ազգային «ավանդական» մտածողությունը եւ որպես սկիզբ, անցնել կոլեգիալ մտածողության, հանրային, պետական շահ գիտակցող քաղաքական վերնախավի ստեղծման։
Թե չէ, հետո Փարիզում, Մոսկվայում կամ Լոս-Անջելեսում նստած էլի կվիճենք, Թուրքիան էր մեղավո՞ր, Ռուսաստա՞նը, թե՞ արեւմուտքը։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Հ.Գ. Այո, երբեմն մենք ունակ ենք համախմբվել, օրինակ` արցախյան պատերազմի ժամանակ, կամ երբ «դանակը ոսկորին է հասնում», ինչպես Սարդարապատում։ Բայց, սրանք կարծում եմ բացառություններ են։
«Առավոտ» օրաթերթ
22.01.2020