Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը պարտավոր է պաշտպանել պետությունը հիբրիդային վտանգներից

Հունվար 22,2020 22:00

Ներքաղաքական գործընթացները Հայաստանում ուղեկցվում են ակտիվ եւ պերմանենտ տեղեկատվական, իսկ ավելի ճիշտ՝ ապատեղեկատվական տեռորով, որին դիմագրավելու գործիքները եւ ինստիտուտները պետությունը չի գործածում։ Մասամբ դրանք պարզապես գոյություն չունեն, իսկ եղածն էլ պարզապես չի գործում։

Միակ բանը, որով այսօր պետությունը փորձում է դիմագրավել այդ ալիքին՝ սեփական լրատվական հոսքերի ապահովումն է, որն, ինչպես տեսնում ենք, չի «ձգում», որպեսզի կարողանա չեզոքացնել գրոհները։ Սահմանափակ թվով «ֆակտ-չեքինգի» հարթակներն իրենց հերթին սահմանափակվում են առանձին փաստերի ուսումնասիրություններով եւ ի սկզբանե չեն կարող ամբողջ «աղբը» քննության ենթարկել։

Լրատվական դաշտը մնում է հեղեղված անպատասխանատու եւ անպատիժ զազրախոսությամբ, ստով, պետականության համար «տոքսիկ» նառատիվներով։ Երբ վարչապետը պահանջում է, որ իշխանությունից թափանցիկություն պահանջող հասարակական կառույցներն, այդ թվում՝ ԶԼՄ-ները, պետք է ոչ պակաս թափանցիկ լինեն, դա մնում է զուտ որպես բարի ցանկություն եւ չի ունենում օրենսդրական հետեւանքներ, որոնք կգան ապահովելու այդ փոխադարձ թափանցիկությունը։ Ազգային ժողովի՝ անղեկ եւ անառագաստ Պետա-իրավական հարցերով հանձնաժողովը, օրենսդրական աշխատանքը սպասարկող իրավաբանների «կորպուսն» իրենց բացարձակապես նեղություն չեն տալիս, «վերեւից» աշխատանքային առաջադրանք չի իջնում, մինչդեռ այս ամենը կարող է երաշխավորել միայն մի բան. պերմանենտ սթրեսային վիճակ հանրության մեջ, անվստահության մթնոլորտ, որն ուղղված է առաջին հերթին ընդդեմ պետության։ Եվ սա հենց այն «էֆեկտն» է, որին հասնելու համար սանձազերծված է այս հիբրիդային պատերազմը, որին չափազանց մեծ ակտիվություն է, ցավոք, դրսեւորում ներհայաստանյան բաղկացուցիչը՝ հանձինս առանձին անձանց, «լրատվամիջոցների» եւ «քաղաքական ուժերի»։

Ավելորդ է խոսել այն հանգամանքի մասին, որ ներկայումս իրավապահ մարմինները, որոնք ուղղակի պատասխանատվություն են կրում հանրային եւ պետական անվտանգության համար, կարծես չունեն պատշաճ ունակություններ՝ համապատասխան վերլուծական, տեխնիկական եւ հետաքննական աշխատանք տանելու համար, այդ «պրոքսիների» հիերարխիան ջրի երես հանելու համար՝ իրենց գաղափարախոս «հայրիկներով», ֆինանսական հոսքերով, ճյուղավորումներով։

Խոսքն ամենեւին էլ չի գնում եւ չի կարող գնալ ընդդիմադիր գործունեության, ընդդիմախոսության, ազատ խոսքի, ազատ մամուլի որեւէ սահմանափակման մասին. Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է եւ պետք է առաջնորդվի Եվրոպական ստանդարտներով, այդ թվում՝ պետական եւ հասարակական անվտանգության, ժողովրդավարական կարգերի, մարդու ազատությունների եւ իրավունքների պաշտպանության ապահովման հարցերում։

Խոսքը նաեւ չի գնում այն մասին, որ Հայաստանում ամեն բան պետք է «անվտանգայնացվի» (securitization) եւ ազատությունները զոհ գնան անվտանգության նկատառումներին, չկա՛ եւ չի՛ կարող լինել նման երկընտրանք, եւ դա ամբողջովին կեղծ երկընտրանք է։ Սակայն, անհանդուրժելի է իրավիճակը, երբ պետությունն իր անգործությամբ կամ անկարողությամբ «ջերմոցային պայմաններ» է ապահովում դիվերսիաների համար լրատվական դաշտում, ապատեղեկատվական հոսքերը մատնելով ինքնահոսի, դրանց դիմագրավելու գործը նույնպես մատնելով ինքնահոսի։

Այդպես էլ պարզ չէ, թե ինչու հեռացվեց նախկին իշխանությունը, պարզ չէ քաղաքականապես եւ իրավաբանորեն։ Չկա՛ նախկին իշխանության քաղաքական գնահատականը, որից կբխեն նաեւ իրավաբանական հետեւանքներ։ Իսկ երբ Հայաստանում գոյություն չունի հակամաֆիոզ՝ «օմերտան» (omerta) ջարդող եւ պատժող օրենսդրություն, վկաների եւ քրեական եւ դատական գործերով անցնող այլ անձանց պաշտպանության ժամանակակից օրենսդրություն, երբ չկա փողերի լվացման դեմ պայքարի՝ ժամանակակից միջազգային ստանդարտների եւ պահանջների վրա հիմնված օրենսդրություն, երբ այդպես էլ չի աշխատում դատական համակարգի վեթթինգը, ապա դժվար է սրանից ավելի կոմֆորտային պայմանների մասին նույնիսկ երազելը։ Առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի վերակազմակերպվեն եւ «մաքրվեն», նույնիսկ «առասպելականացվեն» գործող կրիմինալ ցանցերն իրենց ֆինանսական եւ արտաքին բաղկացուցիչներով, որոնք, բնականաբար, պարազիտանալու են առկա ազատությունների վրա՝ դրանք վերջնականապես թաղելու համար, մանավանդ, երբ դատական համակարգն իր «վերջին դիրքապահներով» եւ «փաստաբաններով» լիովին դաշնակցում է նրանց եւ համակարգված աշխատում է ռեւանշի վրա։

Հայաստանը չի կարողանա գոյատեւել չորս կողմը դեգրադացվող քաղաքական իրավիճակի պայմաններում, եթե գործող իշխանությունը չգիտակցի, թե Սալվադոր Ալյենդեի սխալների կրկնությունն ինչ աղետի կարող է հանգեցնել, եթե չգիտակցի, որ ազատությունը եւ ժողովրդավարությունը պետք լինի բռունցքներով, եւ որ ազատությունը եւ ժողովրդավարությունը ոչ թե իրավունք ունեն, այլ պարտավոր են պաշտպանվել ցանկացած ոտնձգությունից թե՛ ներսից, թե՛ դրսից, եթե չգիտակցի, որ թավշյա պետք է լինի ոչ թե սպառնալիքի դեմն առնող ձեռքը, այլ միայն ձեռնոցը, որը հագած է պողպատյա ձեռքի վրա, որը կոչված է պաշտպանել պետությունը, ազատությունները եւ իրավունքները։

Եվ ո՞վ է դրա պատասխանատուն, եթե ոչ իշխանությունը։ Այս հարցը տալիս են ակտիվ հասարակական եւ քաղաքական շրջանակները, որոնք այլեւս չեն հանդուրժելու, թե ինչպես է անհայրենիք կրիմինալը մի-քանի շարասյուներով հարձակվում պետության եւ հասարակության վրա, ինչպես է ծաղրուծանակի ենթարկում պետականության գաղափարը։ Պետությունն անտեր չէ, պետությունը տեր ունի, այնուամենայնիվ։
Եվ ուրեմն, ի գո՛րծ, մանդատը հենց դրա՛ համար է։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031