Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյանի ակնարկը Վանեցյանին. արդյոք իշխանությունը գնահատե՞լ է ռիսկը

Հունվար 22,2020 08:00

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ սուր գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ խիստ գնահատականներ հնչեցնելով Հայաստանի իշխանության եւ երկրում ստեղծված ատելության մթնոլորտի շուրջ:

Քաղաքական հավակնություններ ունեցող նախկին դեսպանը, որը վերջին մեկ տարում պարբերաբար հրապարակումներ է անում, իր երեկվա տեքստում մի նոր մարտավարություն էր ընտրել: Նա բոլորին կոչ է անում հնարավորինս արագ միավորել ուժերը «երկիրը կործանող մարդկանցից ազատելու համար»: Միքայել Մինասյանը, ըստ էության, բաց տեքստով ասում է, որ իր գերխնդիրն այժմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, իսկ այդ գործում ինքը պատրաստ է դաշնակցել ցանկացածի հետ, նաեւ նրանց, ովքեր այսօր Նիկոլ Փաշինյանի թիմում են կամ Նիկոլ Փաշինյանի թիմում էին երեկ։

«Թե՛ 2018-ի ապրիլը, թե՛ դրանից հետոն ու դրանից առաջ ամեն օրը ծնել ու ծնում են նաեւ պատիվ ունեցող ու մարդկայինը վեր պահող առաջնորդներ, ովքեր ունակ են տեր կանգնել ժողովրդի երազանքներին, այն երազանքներին, որոնք այդպես ոտնահարվում են այսօր»,-գրում է նա: Այստեղ, հատկապես, ուշագրավ է, «պատիվ ունեցողների» մասին Մինասյանի շեշտադրումը:Եթե ապակոդավորենք այս մեջբերումը, ապա տպավորություն է, թե Մինասյանը նկատի ունի հենց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որն իր հրաժարականի տեքստում «կանգ առի» կոչ ուղղեց ՀՀ վարչապետին՝ տեքստն ավարտելով «պատիվ ունեմ» ձեւակերպմամբ:

Չի բացառվում, որ Մինասյանը հաշվարկել է, որ հիմա ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու ամենամեծ շանսը հենց Արթուր Վանեցյանն ունի եւ  համագործակցության առաջարկ է անում Վանեցյանին, որի դեմ վերջին օրերին իշխանության թեւից սկսած հարձակումները չեն դադարում:

Մյուս կողմից էլ Մինասյան-Վանեցյան հնարավոր համագործակցության համար պարարտ հողը ստեղծողը հենց գործող իշխանությունն է. նրանք են Վանեցյանին դրել «մինասյանական» դաշտում: Ընդամենը մի քանի օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանի թերթն էր ծանր մեղադրանքներ հնչեցրել Վանեցյանի հասցեին, որին հաջորդեց նրա կոշտ հերքումը: Եվ, տեսնելով Վանեցյանի նկատմամբ սկսված նյարդային հարձակումը, Միքայել Մինասյանը հասկանում է, որ սա ուժային կառույցի նախկին ղեկավարին ակտիվության մղելու լավ հնարավորություն է եւ ձեռք է մեկնում երբեմնի թիմակիցների թիրախում հայտնված ԱԱԾ նախկին տնօրենին: Այլ հարց է, թե այս փուլում ինչպիսին կլինի Վանեցյանի արձագանքը:

Եվ հարց է առաջանում, արդյոք իշխանությունը հաշվարկե՞լ է Մինասյան-Վանեցյան համագործակցության հետեւանքները: Անկախ ամենից, Մինասյանը շարունակում է պահպանել իր ազդեցությունն ու ռեսուրսները, իսկ Վանեցյանին դժվար է ասոցացնել նախկինների հետ, քանի որ նրան նման բարձր պաշտոնի նշանակողն ու գեներալի կոչում շնորհողն անձամբ Նիկոլ Փաշինյանն է եղել:

Ակնհայտ է, որ այս «առաջարկից» այլ օգտվողներ էլ կլինեն, բայց այս փուլում հանրության կողմից ընկալելի առանցքային կերպարը հենց Վանեցյանն է: Այս հնարավոր համագործակցությունը արդեն լրջացնում է առանց այդ էլ բարդ ներքաղաքական դասավորությունը։ Եթե հասարակության սթափ հատվածը շատ լավ հասկանում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանություն բացառվում է, ապա Մինասյանի պարագայում գործ ունենք ուրիշ բանաձեւի հետ։

Իսկ օրեցօր աճող դժգոհության ու քաղաքական թիմի, մեղմ ասած, անբավարար աշխատանքի ֆոնին, իշխանությունն, իսկապես, մտածելու շատ բան ունի: Մնացածը, ինչպես ասում են, ժամանակի ու տեխնիկայի հարց է:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031