Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծեր» գոյություն չունեն

Հունվար 22,2020 10:00

Վերջերս ամերիկյան մի սերիալ էի նայում, որի դրվագներից մեկը հետեւյալն էր: ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ հանրապետականների եւ դեմոկրատների դիտորդները բավականին բարձր նոտաներով վիճում են քաղաքական թեմաներով: Դա տեղի է ունենում ընտրական տեղամասի մոտակայքում՝ ըստ ամերիկյան օրենքների, ընտրությունների ժամանակ քաղաքական խնդիրներից կարելի է խոսել միայն տեղամասից 50 մետր հեռավորության վրա: Հանկարծ նույն տեղում հայտնվում են նեոնացիստները (ռասիստները) ու համապատասխան կարգախոսներով ցույց են անում: Եվ քաղաքական հակառակորդներն իսկույն մոռանում են իրենց հակասությունների մասին ու միավորվում են ցուցարարների դեմ:

Կասեք, ամերիկյան արժեքների ուղղամիտ քարոզչություն է: Գուցե եւ այդպես է: Բայց դա քարոզչություն է, որը «կարմիր գծեր» է մատնանշում՝ այն սահմանները, որոնցից անցնողները դառնում են մարգինալ (լուսանցքային): «Կարմիր գծերն», ի դեպ, հենց այնպես չեն առաջանում, դրանք նվաճվում է, դրանց համար պայքար է մղվում, ինչը կոնկրետ այս դեպքում 1950-60-ական թվականներին անում էին Մարթին Լյութեր Քինգը եւ նրա հազարավոր համախոհները:

Մեր պետությունը չունի 250 տարվա անընդմեջ գոյության պատմություն եւ, հետեւաբար, հասարակությունը չունի նաեւ կարմիր գծերի ավանդույթ: Միակ «կարմիր գիծը», որը ձեւավորվել է վերջին 30 տարվա ընթացքում, այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում (այդ «գծի» ձեւավորմանը մեծապես նպաստել է հարեւան երկրի քաղաքականությունը): Այս իրավիճակն օրինաչափ է, որովհետեւ Երրորդ հանրապետությունը գաղափարապես ձեւավորվել է ղարաբաղյան հիմնահարցին նվիրված ցույցերի ժամանակ, եւ այդ հարցն առավել մեծ խորությամբ է «մշակվել» պետության «հիմնադիր հայրերի» («Ղարաբաղ» կոմիտեի) կողմից: Մնացած ուղղությունները «մշակված չեն»: Մասնավորապես, «Ղարաբաղ» կոմիտեին եւ հետագա բոլոր իշխանություններին առանձնապես չէր հետաքրքրում այն հարցը, թե ինչպիսի բարոյական սկզբունքների վրա պետք է հիմնված լինի մեր պետությունը, ինչը պետք է միանշանակ մերժվի հասարակության կողմից:

Արդյոք «կարմիր գի՞ծ» է բռնությունը ներքաղաքական կյանքում խնդիրներ լուծելիս: Ոչ, ոստիկանության գունդը զենքով գրաված եւ առնվազն մեկ ոստիկան սպանած խմբի անդամները չափազանց հպարտ են իրենց «հերոսությամբ» եւ այդ հպարտությունը կիսում է հանրության զգալի մասը:

Արդյոք «կարմիր գի՞ծ» է իրավապահ համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելը: Ոչ, դա Հայաստանի ոչ մի իշխանության համար խնդիր չի՝ կա համոզմունք, որ նրանք, ովքեր «սեւ» են, պետք է հետապնդվեն «ամեն գնով»:

Արդյոք «կարմիր գի՞ծ» է քաղաքական (խորհրդարանական) բանավեճի ժամանակ դիմացինին հարգելը եւ զուսպ, քաղաքակիրթ բառապաշար օգտագործելը: Ոչ, քաղաքական ուժերը խրախուսում են ճիշտ հակառակ մոտեցումը:

Տարիների ընթացքում ես իմ կյանքում բազմաթիվ «կարմիր գծեր» եմ ավելացնում: Բայց դա ամենեւին չի սահմանափակում իմ ազատությունը: Տեղի է ունենում հակառակ գործընթացը, որովհետեւ այդ գծերը կառուցվում են ներսից, իսկ ազատությունը սահմանափակվում է դրսից: Որքան շատ են ներքին պատնեշներն, այնքան մարդիկ անտարբեր են արտաքին (այդ թվում՝ հասարակական կարծիքի) պարտադրանքի հանդեպ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Միա՛կը, պրոֆեսիոնա՛լը․․․
    Ո՜նց եմ ուզում, որ Ձեր Լրագրողների Դպրոց բացեք, հարգելի Պ-ն Աբրահամյան , կրթեք, ուղղություն տաք , տակտի զգացում պատվաստեք նրանց, փաստերի և իրավիճակների անկախ և օբյեկտիվ վերլուծման բարդ ունակությունը հաղորդեք։
    Չէ՛ր խանգարի ,որ քաղաքական վերլուծաբաններն էլ դաս առնեն Ձեզնից։

Պատասխանել