2020 թվականի սկզբից Իրանի և Արևմուտքի մասնավորապես՝ ԱՄՆ-ի միջև մեկնարկած արագընթաց քաղաքական և ռազմական առճակատումներն այնպիսի թափ ստացան, որը հանգեցին երկու կողմերի միջև կտրուկ դիմաբախման և փոխադարձ հարվածների շեշտակիացմանը և միմյանց դեմ հնչող մեղադրանքների տեղատարափներին։
Սակայն ԱՄՆ-Իրան քարոզչական և պրոքսի պատերազմի դաշտում, չնայած Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, շիա մուսուլմանների շրջանակում Իրանի գրաված համեմատաբար ավելի նպաստավոր դիրքերին, թվում է՝ Արևմտյան աշխարհում մասնավորապես ՀԳՀԾ-ի հարցով 4+1 խմբի եվրոպական երկրները, պատրաստ չեն այնքան էլ ամուր և կոշտ դիրքորոշում ընդունել Իրանի դեմ, և փորձում են Իրան-ԱՄՆ հարաբերություններում ստեղծված էսկալացիան օգտագործել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության կողմից վերջին տարիներին Եվրոպայի դեմ ուղղված տնտեսական ճնշումները թուլացնելու ուղղությամբ։
Մյուս կողմից, եվրոպացիների լռությունը Իրանի սպառնալիքների և Թեհրանի կողմից ՀԳՀԾ-ի պարտավորությունները կրճատելու քայլերի վերաբերյալ դժգոհություն է առաջացրել ԱՄՆ-ի քաղաքական պաշտոնատարների և փորձագետների համար: Վաշինգտոնի քաղաքագետները ընդգծում են, որ Իրանի կողմից նման սպառնալիքների պատճառը Եվրոպայի մեղմ և վախկոտ կեցվածքի արդյունք է:
Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն վրդովված է Իրանի նկատմամբ Եվրոպայի երկակի կեցվածքից և ըստ՝ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի, Սպիտակ տունը սպառնացել է, Գերմանիային, Ֆրանսիային և Բրիտանիային, որ եթե ԵՄ-ը չկարողանա ՀԳՀԾ-ում առկա տարաձայնությունների լուծման «ձգանի մեխանիզմ»-ը ակտիվացնել, ապա՝ Միացյալ Նահանգները սակագներ կկիրառի այդ երկրներից Միացյալ Նահանգներ արտահանվող ավտոմեքենաների համար:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ հունվարի 14-ն, եվրոպական եռյակը, հետևելով ԱՄՆ-ի պահանջներին և Իրանի կողմից իր հանձնառությունների նվազեցմանն ուղղված պատասխան քայլով, ակտիվացրեց միջուկային գործարքի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը, որի լիարժեք գործադրման դեպքում, կվերականգվեն ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները:
Միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրները (Ֆրանսիա, Գերմանիա և Բրիտանիա) պաշտոնապես հայտարարեցին ՀԳՀԾ-ի դրույթների մաս հանդիսացող վեճերի լուծման մեխանիզմի գործարկման մասին, ինչը կհանգեցնի Իրանի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցների անհապաղ վերադարձին, ներառյալ Իրանին զենքի արտահանման արգելքը:
Իրանի հետ կնքած Միջուկային գործարքի վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշումը հանկարծակի երևույթ չէ, բայց եվրոպացիները երկար ժամանակ է, որ սկսել են հեռանալ ՀԳՀԾ-ից:
Արձագանքելով ԱՄՆ-ի նախագահի սպառնալից հայտարարություններին և նկատի առնելով, որ ՀԳՀԾ-ի հարցով 4+1 խմբի եվրոպական երկրներից Մեծ Բրիտանիայի դիրքորոշումները ավելի մոտ են՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգի քաղաքականություններին, Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունվարի 14-ին հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ՀԳՀԾ-ն պահպանել չհաջողվի: «Եթե մենք ազատվենք դրանից (ՀԳՀԾ-ից), այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի փոխարինել այն, միջուկային պայմանագրի խնդիրը կայանում է նրանում, որ այն սպառվել է, բացի այդ ամերիկացիների տեսակետով այն բազմաթիվ թերություններ ունի: Բայց եթե մենք պատրաստվում ենք ազատվել դրանից, պետք է այն փոխարինենք Թրամփի գործարքով»,- հայտնել է Ջոնսոնը:
Եվրոպացիների այս սպառնալիքները և հայտարարությունների նկատմամբ Իրանի արձագանքը շատ չուշացավ։ Զգալով իրենց դեմ ուղղված տնտեսական վտանգները և Եվրոպայի դիրքերի մոտեցումը ԱՄՆ-ի քաղաքականություններին, Իրանի իշխանությունները կրկին փորձեցին սպառնալիքի և հնարավորությունների դիվանագիտությանը դիմելով՝ մեղմել իրենց և Արևմուտքի միջև առաջացած լարվածությունը։
Հունվարի 20-ին խոսելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ եվրոպացիների վերջին քայլերի մասին, Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է. «Եթե Իրանի գործն ուղարկվի ԱԽ, Թեհրանը կբարձրացնի միջուկային զենքերի չտարածման պայմանագրից ( NPT-ից) դուրս գալու հարցը»: Զարիֆը, սակայն դիվանագիտական հատուկ լեզվով նաև նշել է․ «Բայց մինչ այդ կարող ենք քննարկել այլ ծրագրեր»: Փաստորեն, Իրանի արտգործնախարարը կարծում է, որ նախքան Իրանի և 4+1 խմբի վեճերը հասնեն զգայուն և վտանգավոր փուլի, ավելի լավ է, որ եվրոպացիները վերանայեն իրենց ներկա մոտեցումը և կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած տնտեսական պարտավորությունները, որպեսզի Իրանը չփորձի հակադարձ քայլեր ձեռնարկել:
Այնուամենայնիվ թվում է, թե հաշվի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, եվրոպացիները կարծում են, Իրանի սպառնալից դիրքորոշումը բնական և արդարացված է, իսկ նրանք փորձում են հակադարձելով նաև ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքներին արհեստական շնչառություն տալով ՀԳՀԾ-ին հնարավորինս կենդանի պահել այդ կաթվածահար ու մահամերձ համաձայնագիրը, ցանկություն ունենալով Իրանի հետ առևտրական գործարքներում միլիարդավոր դոլարներ ձեռք բերել:
Մյուս կողմից Իրանի նախազգուշացումները և սպառնալիքները վկայում են, այն մասին, որ Թեհրանը լրջորեն բախվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից գործարկված ավերիչ տնտեսական և քաղաքական ճնշման արշավին:
Ներկայումս Իրանը փորձում է դիվանագիտական խողովակներով և իրենց հատուկ հռետորաբանությամբ պառակտում առաջացնել Եվրամիության և ԱՄՆ-ի միջև։ ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումների ծանր ճնշման տակ անելանելի վիճակի մատնված իսլամական համակարգը իր ամբողջ պետական կառույցներով և երկրի գերագույն առաջնորդի խորհուրդներով, Իրանի արտաքին դիվանագիտության մարտավարությունը լրջորեն կառուցվել է ժամանակ շահելու քաղաքականության վրա։ Նրանք ոչ առաջ անցնելու և ոչ էլ վերադարձի ճանապարհը չունենալով, ներկայիս դրությամբ փորձում են ամեն գնով դիմադրել ԱՄՆ-ի տնտեսական ճնշումներին և խուսափել ուղղակի ռազմական բախումներից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ, այն հուսով, որ 2020 թ․-ին ԱՄՆ-ում կայանալիս նախագահական ընտրություններում մի գուցե կրկին մի հրաշք տեղի կունենա և Թրամփին կփոխարինի Իրանի համակարգի ցանկացած դեմոկրատական թեկնածուն։
Այս համատեքստում, հունվարի 20-ին, Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է, որ եթե ՀԳՀԾ-ն, որպես բազմակողմանի համաձայնություն կարևոր է Եվրոպայի համար, ապա եվրոպական երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն այն պահպանելու համար: Նա ընդգծել է, որ եվրոպացիները պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները և որոշեն, թե արդյոք ցանկանո՞ւմ են լինել անկախ, կամ ենթակա՞ են ԱՄՆ-ի քաղաքականությանը:
Համենայն դեպս, ելնելով Իրանի իսլամական հանրապետության վերջին 30 տարիների քաղաքական-գաղափարական ուղեգծի և արտաքին ու ներքին քաղաքականության գործունեության փորձից, Իրանի հետ աշխատող եվրոպական երկրների հատկապես՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համար ապացուցվել է, որ իսլամական համակարգի վրա գործադրվող արտաքին քաղաքատնտեսական ճնշումները չեն կարող որոշակիորեն ազդել հոգևոր պահպանողական իշխանության քաղաքական վարքագիծը փոխելու և ծայրահեղական դիրքորոշումները մեղմացնելու ուղղվածության վրա։ Հետևաբար Եվրոպան միշտ փորձել է Իրանի հետ հարաբերություններում ընտրել հանդուրժողականության և երկակի քաղաքականության մարտավարությունը, միաժամանակ ձգտելով իրեն հեռու պահել իսլամական համակարգի և ԱՄՆ-ի միջև առաջացող լուրջ լարվածություններից, հույս ունենալով, որ երկարատևում կարող է ապահովել իր տնտեսական և առևտրական շահերը Իրանում։
Եվրոպացիների այս քաղաքականությունը արդեն վաղուց հայտնի է Իրանի հոգևոր իշխանությունների համար, այնպես որ հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վրեժխնդրության համար Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազան հրթիռակոծելուց հետո, Իրանի իսլամական հանրապետության քարոզչական ընդարձակ մեքենայի երեքօրյա լայն քարոզչության արդյունքում, Մերձավոր Արևելքի իսլամական երկրների և համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը կենտրոնացվեց հունվարի 18-ին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ընթացքում Այաթոլլահ Խամենեիի ելույթի վրա, ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ապտակ է հասցրել ԱՄՆ-ի ամբարտավանությանը և ուժեղ պատասխան տվեց եվրոպացիներին: Նա նրանց անվանել է «նվաստ երկրներ», որոնք ամերիկացիների ծառաներն են: Այաթոլլահ Խամենեին նշել է, որ եվրոպացիների բանակցությունները մշտապես կեղծ են եղել, հավելելով. «Այն ջենթլմենները, որ նստած էին բանակցությունների սեղանի շուրջ, Բաղդադի օդանավակայանի ահաբեկիչներն էին»: Սակայն, իր խոսքերի ընթացքում Այաթոլլահ Խամենեին նաև անդրադարձել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները եվրոպական կողմի հետ առանց ԱՄՆ-ի մասնակցության։
Այնուամենայնիվ, Իրանը քաջ գիտակցում է, որ ՀԳՀԾ-ի դուրս գալը ավելի կվատացնի Իրանի տնտեսությունը և Իրանի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցների ավելացումը կբարդացնի քաղաքական իրավիճակը երկրի ներսում:
Իրանը նախկինում զգուշացրել էր, որ դուրս կգա միջուկային զենքերի չտարածման ( NPT-ից) պայմանագրից, բայց վերջին նախազգուշացումը գալիս է ներքին և միջազգային աննախադեպ ճնշումների պայմաններում: Սակայն մյուս կողմից ԱՄՆ-ը տարբեր միջոցներով ճնշում է գործադրում նաև 4+1 խմբի եվրոպական երկրների վրա, որպեսզի նրանք ևս հրաժարվեն ՀԳՀԾ-ից։ Այնպես որ այս քաոսային փրկուղուց դուրս գալու համար եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ ցանկանում են պահպանել միջուկային համաձայնագիրը, որը նրանք տեսնում են որպես արդյունավետ միջազգային բազմակողմ դիվանագիտական համաձայնագիր: Նրանք ասում են, որ իրենց նպատակն է ակտիվացնել ՀԳՀԾ-ի վեճերի լուծման մեխանիզմը, որը կարող է Իրանի միջուկային ծրագրի գործը ուղարկել Անվտանգության խորհրդին՝ ինչը կհանգի Իրանի դեմ պատժամիջոցների վերահաստատմանը, Իրանի միջուկային գործունեության հետագա ընդլայնումը կանխելու համար: Այսպես եվրոպական եռյակը մի կողմից փորձում է թեթևացնել ԱՄՆ-ի նախագահի կողմից իրենց վրա գործադրվող ճնշումը, մյուս կողմից Իրանին հասկացնել, որ նրանց փրկության միակ միջոցը նոր ՀԳՀԾ պայմանագրի շուրջ համաձայնության հասնելն է՝ բանակցությունների միջոցով։
Վահե ԱՐԱՄՅԱՆ