Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի ենք համարում ԱԺ-ի կողմից ՏԻՄ գործունեության նկատմամբ օրենքով չսահմանված ձևով միջամտելը

Հունվար 21,2020 23:25

Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության հայտարարությունը

Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության հայտարարությունը Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից՝ 2018թ.-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից՝ 2018թ.-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»։ Սա նշանակում է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար պարտադիր անհրաժեշտ է երկու պայման-նպատակի միաժամանակյա առկայություն՝ ա) հարցը պետք է ներկայացնի հանրային հետաքրքրություն, բ) հարցի քննարկումը պետք է մտնի Ազգային ժողովի իրավասության մեջ:

Ըստ ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ», որը օրենսդրին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քննելու կամ վերահսկելու լիազորությամբ չի օժտել, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ «Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ» որը չի կարող նույնականացվել տեղական ինքնակառավարման մարմնի հետ: Ավելին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ «քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից»:

Հետևաբար՝ թեև հարցը ներկայացնում է որոշակի հանրային հետաքրքրություն, սակայն այն չի մտնում Ազգային ժողովի իրավասության մեջ: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման փաստաթղթում, որպես հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակ, ընտրվել են այնպիսի գործառույթներ, որոնք օրենքով հանդիսանում են քաղաքապետի լիազորություններ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքապետի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Երևանի ավագանին: Ավելին՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ավագանու որևէ խմբակցության պահանջով Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով», այսինքն՝ օրենսդիրը հենց Երևան քաղաքի ավագանուն է օժտել քաղաքապետի գործունեության վերահսկողության և համայնքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցերը քննելու լիազորությամբ։

Տարակուսելի է, որ նշված հարցը բարձրաձայնող ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չեն օգտվել օրենքով իրենց վերապահված լիազորությունից և չեն ստեղծել ավագանու քննող հանձնաժողով։ Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն», իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի կողմից տեղական ինքակառավարման մարմնի գործունեության նկատմամբ օրենքով չսահմանված ձևով միջամտելը և գտնում ենք, որ նման գործընթացի մեկնարկը նաև անհարգալից վերաբերմունք է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտի նկատմամբ։ Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է հանրային հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաների քննարկմանը և պարզաբանմանը և պատրաստակամ է Երևան քաղաքի ավագանուն օրենքով տրված լիազորությունների շրջանակներում քննարկել և պարզել Երևան քաղաքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցեր՝ այդ թվում՝ նշյալ հարցը:

Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031