Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը

Հունվար 21,2020 23:20

ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը: Այս մասին որոշումը հրապարակված է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։

ՍԴ-ի աշխատակարգային որոշման մեջ, մասնավորապես նշված է. «Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, պարզեց.

  1. Դիմողը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ իրավական պետության սկզբունքին, 167-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
  2. Դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր, այն է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն: Ըստ դիմողի՝ չի կարող լինել արդյունավետ արդարադատություն առանց դատական ակտերի կատարման արդյունավետ համակարգի: Ցանկացած արդարադատություն պատրանքային բնույթ է ստանում, եթե հնարավոր է դառնում չկատարել ուժի մեջ 2 մտած վերջնական դատական ակտը: Ընդ որում՝ այդպիսի չկատարումը, ըստ դիմողի, կարող է քողարկվել նաև՝ տվյալ դատական ակտը դրա բովանդակությանը հակառակ մեկնաբանելով: Դիմողը գտնում է, որ նման իրավիճակներից խուսափելու միակ տարբերակը, որը պրակտիկայում ապացուցել է իր արդյունավետությունը, դատական ակտ կայացրած դատարանի կողմից իր դատական ակտը պարզաբանելու ինստիտուտն է, որը գործում է դատավարական մյուս ճյուղերում, և որը բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում:
  3. Ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) դիմողը, վկայակոչելով ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններին վերաբերող օրենսդրական կարգավորումները, թեև փաստարկել է Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պարտադիրությունը, միևնույն ժամանակ չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը: Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին հոդվածը, 167-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը որևէ կերպ չեն կանխորոշում Սահմանադրական դատարանում որոշումների պարզաբանման պարտադիրությունը,

2) ցանկացած դատարան, առավել ևս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից, իսկ Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ,

3) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն իրավական բացի տեսանկյունից վիճարկելու համար դիմողը պետք է անդրադառնար Սահմանադրական դատարանի կողմից այդ հարցով ձևավորված լայնածավալ 3 պրակտիկային և ողջամտորեն փաստեր իրավական բացի առկայությունը՝ ի թիվս այլնի հիմնավորելով, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա իրավական բաց է:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 69-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Սահմանադրական դատարանը որոշեց.. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031