Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսօր ընդդիմությունն ունի այնքան իշխանություն, որքան Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ իր օրոք ունենա ընդդիմությունը». Մարուքյանը զգուշացնում է, որ կբոյկոտեն սահմանադրական փոփոխությունները, եթե «կոճակ փոխեն»

Հունվար 21,2020 22:00

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը օրերս լրագրողների հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների եւ սուպերվարչապետական համակարգի մասին, ուշագրավ հայտարարություն արեց: Երբ հիշեցրին, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ սուպերվարապետական համակարգի մասին, Մակունցը Փաշինյանի խոսքն այսպես մեկնաբանեց. «Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով, ստիպողաբար ձեւավորվող ՏԻՄ իշխանություններ: Մենք այսօր նման բան չունենք»:

«Առավոտն» այս առնչությամբ զրուցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Հարցին, դուք նախորդ գումարման պատգամավոր եղել եք, շատ լավ հիշում եք, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյումի» մասին, ներման ինստիտուտի, վարչապետի լիազորությունների, նախագահի՝ օֆիսային աշխատող լինելու հետ կապված, ձեր կարծիքով Մակունցի այս մեկնաբանությունն ինչի՞մասին է խոսում: Մարուքյանը պատասխանեց. «Զարմացա նման մեկնաբանության համար: Տիկին Մակունցին խորհուրդ կտամ, որ մի հատ դիտի իմ, Նիկոլի, մեր մյուս ընդդիմադիր գործընկերների ելույթները, եթե ոչ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, ապա գոնե «Ելք» դաշինքի ժամանակվա: Դա ընդհանրապես կապ չի ունեցել ՏԻՄ-ի հետ: Ավելին, Հայաստանում ՏԻՄ ընտրությունները հիմնականում չեն կեղծվել, այլ մեթոդաբանություն է այդտեղ կիրառվել: Ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, ես հիշեցնեմ, եթե ինչ-որ մարդիկ մոռացել են: Սուպերվարչապետական համակարգը ավելի ուժեղ է, քան նախագահականը, ըստ էության, ուղղակի միակ տարբերությունն այն է, որ վարչապետը չի ընտրվում ուղղակի ժողովրդի կողմից, առաջնային մանդատ չունի: Բայց լիազորությունների, լծակների, անվերահսկելի լինելու առումով ավելին է, քան կիսանախագահականն ու մնացած համակարգերը: Այ սա ենք մենք անդադար քննադատել, սրա՛ մասին է խոսքը գնացել»:

Մարուքյանն ասաց, որ Հայաստանը հիմա չունի խորհրդարանական կառավարման համակարգ ու Սահմանադրական բարեփոխումներին մասնակցելու գնում են իրենց օրակարգով. «Մենք չենք գնում լսենք, թե ինչ է  ասում իշխանությունը: Մենք գնում ենք ասենք, թե ինչ է պետք անել: Էդ օրակարգը նոր չի, որ ծնվել է, դա այն օրակարգն է, ինչի մասին մենք խոսել ենք, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար` խոսքը գնում է ավելի բաց, ավելի ժողովրդավարական համակարգի մասին, խորհրդարանական կառավարման համակարգի մասին, որտեղ վարչապետը նշանակվում է խորհրդարանի կողմից, ինչպես հիմա է, բայց գործադիր իշխանությունը հակակշռված եւ փոխզսպված է օրենսդիր իշխանության, դատական իշխանության կողմից եւ այնպես չի, որ ԱԺ-ն դառնում է գործադիր իշխանության կցորդը, դակիչը կամ նրա հետեւից վազող եւ չհասնողը»:

2018-ի մայիսի 1-ին, երբ խորհրդարանը վարչապետ էր ընտրում, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին սուպերվարչապետական համակարգի մասին: Նա հստակ խոսեց իր հանձնառության մասին ԱԱԾ-ն, ոստիկանությունը նախարարություններ դարձնելու, լիազորությունների բալանսավորման մասին, հիմա, երբ եկել է սահմանադրական փոփոխությունների ժամանակը, Մակունցի այս մեկնաբանությունը ձեզ չի՞ հիշեցնում ՀՀԿ-ականների իշխանության այն դրվագը, երբ Սերժ Սարգսյանը խոսք էր տվել, ասել էր՝ ես վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, հետո ողջ ՀՀԿ թիմը լծված էին այն գործին, որ ձեւափոխեին, թե Սերժ Սարգսյանն այլ բան նկատի ուներ: Մարուքյանը պատասխանեց. «Վատ տեքստեր է հիշեցնում, էլի: Երբ որ ասում էին՝ Սերժ Սարգսյանը չէր ուզում դառնալ վարչապետ, իրեն համոզեցին, էս էդ նույն պատմություններն են: Հիմա էլ՝ էսինչը սենց չի ասել…Կներեք, 50 տարի չի անցել, շատ թարմ է մեր բոլորի հիշողությունը, ամեն ինչ նոր է եղել ու ամեն ինչ շատ լավ հիշում ենք: Հիմա ի՞նչ կարիք կա նման բաներ անելու: Այո, վարչապետը ամբիոնից ասել էր, որ պետք է դառնան նախարարություններ, որից հետո կառավարության կառուցվածքի մասին նախագիծ ենք բերել նախարարությունների համակարգով, մերժել են: Որից հետո ուրիշ նախագիծ ենք բերել, դա էլ առաջին ընթերցումով ընդունվել է, հետո էլի մերժվել ու էդ ամեն ինչը թողնվել է այս սպասվելիք սահմանադրական փոփոխությունների վրա: Հիմա կտեսնենք՝ էդ կամքը կա՞, թե՞ չկա: Եթե կամքը կա, թեւերներս քշտենք, աշխատենք, լավ Սահմանադրություն գրենք: Եթե կամքը չկա, պիտի զբաղվենք կոսմետիկ բաներով, գիտեք, դա տեսել ենք: Դրա հավեսն ու ժամանակը ոչ մեկը չունի: Եթե անգամ զգանք, նման իրավիճակ է, մենք չենք մասնակցելու»: Մարուքյանն ասաց, որ դրանից կախված՝ հնարավոր է նույնիսկ բոյկոտեն սահմանադրական բարեփոխումներին մասնակցությունը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը հանձնաժողովում Տարոն Սիմոնյանն է:

Լիլիթ Մակունցը, խոսելով իշխանական լծակների մասին, ասաց, թե՝ «Ես երբեւէ չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր»: Որպես օրինակ, նա բերեց այն փաստը, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահը ընտրվել է ընդդիմության թեկնածուն: Հարցին՝ հաշվի առնելով, որ այսօր նրանք ԱԺ-ում այնքան մանդատ ունեն, որ կարող են անցկացնել ցանկացած օրենք, դուք ձեզ ուժեղ ընդդիմություն զգո՞ւմ եք՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Եթե մեր ներկայացրած թեկնածուն ավելի պատրաստված է եղել, իրեն են ընտրել, դա դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան կա: Հանձնաժողովի ներկայացուցիչը մեզ չի ենթարկվում եւ ընտրվելուց հետո մեզ հետ կապ չունի, անկախ մարդիկ են, էդ օրինակը սխալ օրինակ է: Այո, հազարից մեկ լավ բան է տեղի ունեցել, բայց դա մատի փաթաթան դարձնելու, անդադար ասելու բան չի: Իսկ մոռացե՞լ են, որ ԲԴԽ-ի մեր ներկայացրած թեկնածուին չընտրեցին, անգամ չդրվեց շրջանառության մեջ: Մոռացե՞լ են, որ էս վերջում թեկնածու էինք ներկայացրել Հաշվեքննիչ պալատի համար, հանձնաժողովի մակարդակում մերժեցին, էնքան օրինակներ կարամ բերեմ: Մի հատ օրինակը անդադար պետք չի ներկայացնել: Հիմա, երբ որ ՍԴ-ում թափուր տեղեր կառաջանան, կտեսնենք ոնց են ընտրելու, բոլորն իշխանական մարդիկ ընտրվեցին ԲԴԽ-ում: Ինչ վերաբերում է նրան, թե մենք մեզ ուժե՞ղ ենք զգում, թե չէ՝ մենք ամեն ինչ անում ենք, որ էդ մեխանիզմներն աշխատեն: Մենք մեզ ուժեղ զգալու խնդիր չունենք, խնդիր ունենք համակարգը առողջացնելու: Ինչքան համակարգը առողջանա, էնքան ընդդիմությունը կուժեղանա, երկրում տնտեսությունը կզարգանա, երկիրն ավելի ժողովրդավարական կլինի,ներդրումներ կգան: Ես չեմ հիշում նման դեպքեր որեւէ ուժ խորհրդարանում ունենար սահմանադրական մեծամասնությունից ավելի շատ մանդատ, նման բան չի եղել երբեւէ: Միշտ խորհրդարանական մեծամասնությունը  նման փաստաթղթեր ընդունելիս կախվածության մեջ է եղել մյուս ուժերից, իսկ հիմա նման բան չկա, դա հակակշիռ է…Որ ինքը կանգնում, ասում է՝ ընդդիմությունն ուժեղ է, կներեք, էսօր ընդդիմությունն ունի այնքան իշխանություն, որքան Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ իր օրոք ունենա ընդդիմությունը: Դա ի՞նչ ասելու բան է, դա ուժեղ ընդդիմությո՞ւն է: Կներեք, բայց խորը անհամաձայնություն կա մեր պատկերացումների մեջ, Սերժ Սարգսյանի տված լիազորությունները իրանք համարում են ուժեղ լիազորություննե՞ր»:

Մարուքյանն ասաց, որ իրենք սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցում են, որ Սերժ Սարգսյանի կողմից ձեւավորված այս հիվանդ համակարգը, որը ժառանգություն ենք ստացել, վերափոխվի. «Եթե դրա վերափոխման կամքը չկա, մնացած ամեն ինչ, ինչ ուզում են անեն, ունքը մի փոքր էս կողմ բերեն եւ այլն, կոճակից մեկը հանեն, դա, կներք, բացահայտ ցույց է տալու իշխանության անսկզբունքային լինելու, իր տված խոստումներին հետեւողական չլինելու հարցը, որը քաղաքական խնդիրներ է առաջացնելու, ձեզ վստահեցնում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031