Քիչ առաջ Արթիկ քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել գործարար Շեկոն ՝ Գարիկ Ուզունյանն ու նրա ընկերը՝ Զոհրաբ Մուրադի Եսիմսեյտովը։
Հիշեցնենք, որ վերջիններս կալանավորվել էին դեկտեմբերի 13-ին ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը Անի թաղամասի «Ջավախք» խանութի դիմաց ծեծի ենթարկելու կասկածանքով։ Իսկ պատճառը, ըստ պատգամավորի ոստիկանության ներկայացրած հաղորդագրության, եղել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի զոհերի հուշարձանին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու հետ կապված իր հնչեցրած քննադատությունը։
Շեկոն և նրա ընկերը, ըստ պատգամավորի, ծեծել էին իր ընկերոջը, նրա միջոցով սպառնալիքներ հնչեցրել նաև իր հասցեին։ Մինչդեռ, Շեկոյի կողմնակիցները պնդում էին, որ կենցաղային վեճ է եղել, Կարեն Սարուխանյանի ընկերը Շեկոյի մտերիմներից է, և որ պատգամավորը «շառով է տալիս»։
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի երկու տարբեր դատավորներ, քննելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, փոխել են նրանց խափանման միջոցը։ Կիրառվել է գրավ՝ յուրաքանչյուրի համար մեկ միլիոն դրամ։
Կարդացեք նաև
Այս մասին մեզ տեղեկացրեց Շեկոյի ընկերներից մեկը՝ Կարապետ Պողոսյանը։
Ի դեպ, վերջինս ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Արթիկից ուղևորվում ենք Գյումրի, ավել, պակաս բերանս չբացեմ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից