Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում կրքերը չեն հանդարտվում․ մարզպետը՝ բողոքավորների հետևից

Հունվար 21,2020 21:03

Այսօր Շիրակի մարզում շարունակվել են բողոքի ցույցերն անասունների մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշման դեմ։

Առավոտյան՝ ժամը 10․10-ի սահմաններում ոտքի են կանգնել Լանջիկի բնակիչները, որոնց բողոքի ցույցը, սակայն, երկար չի տևել, նրանց այցելել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետն եղել է նաև Բագրավանում․ հիշեցնենք, որ երեկ Անիի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերի, այդ թվում Բագրավանի բնակիչները, փակել էին Գյումրի-Արմավիր մայրուղին։ Չնայած սարսափելի ցրտին՝ նրանք ժամեր շարունակ չէին բացում ճանապարհը՝ պահանջելով չեղարկել կառավարության որոշումը, քանի որ այն ընդունելիս իրենց հետ հաշվի չեն նստել։

Ի դեպ, բողոքավորները երեկ պահանջում էին, որ Շիրակի մարզպետն այցելի իրենց, քանի որ հազարավոր խնդիրներ ունեն: « Մենք մարզպետին էլ կուզենք տեսնենք, մարզպետը էստեղ դեռ չի եկել, որ տեսնի էս ճանապարհի վիճակը, դպրոցների վիճակը, որ ջեռուցում չկա․․․», բողոքում էին Անիի սահմանամերձ գյուղերի բնակիչները։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից․ « Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր վաղ առավոտյան այցելել է մարզի Բագրավան և Լանջիկ բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, որոնք դժգոհում են կառավարության՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից։ Տիգրան Պետրոսյանը լսել է բնակիչների մտահոգությունները։

Մարզային իշխանության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել է առկա իրավիճակը, ներկայացվել հնարավոր լուծումները։
Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայր։ Կառնուտցիները նախօրեին դժգոհում էին կարկտահարության դիմաց տրված փոխհատուցման չափից։

Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության մասնագետներն աշխատելու են համայնքում, որից հետո ներկայացնելու են համապատասխան առաջարկություններ»։

Բողոքավորները մեզ փոխանցեցին, որ մարզպետը խոստացել է ավելի հստակ պատասխան տալ երկու օրվա ընթացքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ մարզպետարանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031