Այսօր, ինչպես հայտնել ենք, ԱԺ նիստի ժամանակ թեժ վիճաբանություն եղավ ԲՀԿ պատգամավորների եւ Արման Բաբաջանյանի միջեւ, վիճաբանությանը խառնվեցին նաեւ իմքայլականները ու ողջ նիստի ժամանակ հնչեցին փոխադարձ ամոթանքներ, վիրավորանքներ ու քննադատություններ:
Հիշեցնենք, որ վեճը սկսեց նրանից, որ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը քրեական ենթամշակույթ կրողների մասին նախագծի քննարկման ժամանակ հորդորեց՝ «Լավ եք, անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, մենակ մի հուշում անեմ ՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառով հասկացություն կա, լավ կլիներ նաեւ դրա դեմ պայքարեիք»:
ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Գեւորգ Պետրոսյանի խոսքը 3 տառանիի մասին որոշել էր համեմատել Պարույր Սեւակի հայտնի բանաստեղծության հետ՝ «Դու՝ երկու տառ, դու՝ հասարակ մի դերանուն…» ու «Իմ քայլի» պատգամավորներին մեղադրում էր, թե ինչու են իրենք այլ կերպ ընկալում դա. «Ցանկացած երեւույթի կարելի է դրական եւ բացասական լույսի տակ նայել: Փորձեմ տարբերակել իմ գործընկերոջ խոսքերը՝ 3 տառանիի մասին: Տեսեք Սեւակն ինչ է ասում….Ինչի՞ սա չեք նայում ու անպայման այդ 3 տառը հասկանում եք ամեն մեկը իր քաղաքակրթական մակարդակով: Տիկի՛ն Արփի Դավոյան, արժեհամակարգերից եք խոսում, ինչի՞ նման արժեհամակարգ չեք որդեգրել ձեզ: Դուք կին եք, չէ՞, լավ կլինի էդպես մտածեք, ոչ թե, անպայման, դրա տակ մտածեք եսիմ ինչեր ու աշխարհացունց արտահայտություններ»:
Դիմելով «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանին՝ նա ասաց. «Որ սպառնում եք՝ 4 տարի կտեւի, թե չի տեւի, դա ձեր որոշելիքը չի, ժողովուրդը կորոշի, այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ, ինչպես կասի վարչապետը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ