Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճան լակոտներ, պետականության վրա թքած ունեցող լածիրակներ…Սա է ձեր բառապաշարը, ամո՛թ ձեզ». «Իմ քայլի» պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հունվար 21,2020 19:44

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությունը նոր շղթա իր հետ բերեց «Իմ քայլը»-ԲՀԿ-«Լուսավոր Հայաստան» եռանկյունու՝ փոխադարձ քննադատությունների ու ամոթանքների համար:

ԲՀԿ Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ ստիպված ենք մի քանի տարի եւս փոխադարձ վիրավորանքների, միմյանց դաստիարակելու ու միմյանց տեղը ցույց տալու այս մթնոլորտում աշխատել:

ԱԺ հայտարարությունների ժամին անդրադառնալով միջադեպին ու Զոհրաբյանի խոսքին՝ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ իրենք են ցավում, որ ստիպված են 4 տարի այս ԱԺ-ում աշխատել պատգամավորների հետ, որոնք հոգեբանական լուրջ բարդույթներով են տառապում, պատգամավորների հետ, որոնք կարող են իրենց թույլ տալ ԱԺ դահլիճում հայհոյել: Նա ասաց, որ դեռ ոչ ոք չգիտի, թե ճակատագիրն ինչ դաժան խաղ կարող է խաղալ ու քանի տարի իրենք կլինեն ԱԺ-ում,կային մարդիկ նախկինում, մտածում էին հավերժ մնալու են, բայց գիտենք ինչ եղավ: Դիմելով «Լուսավոր Հայաստանին»՝ Պողոսյանն ասաց, որ իրենց խմբակցության դիմանկարն են ցույց տալիս՝ ընտրողների առաջ:

Արփինե Դավոյանի արձագանքն ավելի կոշտ էր. «Դահլիճում հնչեցին հայհոյանքներ, ցավում եմ, որ այդ ընթացքում պարոն Մարուքյանն ու պարոն Գորգիսյանը անթաքույց հրճվում էին: Այս ամենից հետո Գեւորգ Պետրոսյանը հաղթական կեցվածքով հարցազրույց տվեց ու ասաց՝ ինքը վատ բան չի արել, թող ոչ ոք իր վրա չվերցներ: Սրանից հետո ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարող է գալ ու ասել՝ ես Գեւորգ Պետրոսյանի ցավը տանեմ կամ Արթուր Դալլաքյանինն էլ հետը: Իսկ երբ տիկին Զոհրաբյանն ասում է, որ այս դահլիճում կա անհանդուրժողականության մթնոլորտ, ինքը չի ուզում այս մթնոլորտում աշխատել, այդ մթնոլորտը չի ձեւավորվել միայն այս դահլիճում: Երբ տիկին Զոհրաբյանն իր ամանորյա ուղերձն էր հղում հանրությանը, ասաց, որ կցանկանա, որ «Իմ քայլի» պատգամավորներն այլեւս իրենց չզգան Գյումրի-Երեւան մայրուղում: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, տիկին Զոհրաբյան, որ Գյումրի-Երեւան մայրուղում մնացել են ԲՀԿ պատգամավորները եւ հյուսիս-հարավ հատվածում հատկապես: Իսկ մնացած պատգամավորները մնացել են իրենց քուչի բեսեդկայում, իրենց դպրոցի հետեւի պատի տակ եւ իրենց փողոցի այն հատվածներում, որոնք օգտագործվել են այսօրվա նման ռազբորկաների համար»:

Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի. «Դա իմ անձնական կարծիքն է, որեւէ մեկը իրավունք չունի բռնանալ իմ կարծիքի վրա»:

ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը հորդորեց իմքայլականներին չնյարդայնանալ՝ հիշեցնելով, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարություն արեց Նաիրա Զոհրաբյանի մասին: Նա Զոհրաբյանի ելույթներից, գրառումներից դուրս էր բերել որոշ բառեր ու բառամթերք, որոնք, իր խոսքով՝ ատելության խոսք են տարածում, մինչդեռ Զոհրաբյանը բողոքում է ատելության խոսքից. «Այն մարդկանց, որոնց քննադատում եք, անվանում եք մարտնչող գավառականներ, չարացած, չկայացած ամբոխ, նույնիսկ զոմբիներ: Հարցականով առաջարկում եք գնդակահարել դատավորներին, կամ կանխատեսում եք հաշվեհարդարներ փողոցում: Դուք այն երեւույթները, որոնք քննադատում եք, անվանում եք հիվանդ եւ պաթոլոգիկ, հետո ու բողոքում ձեր շուրջը ստեղծված առցանց մթնոլորտից, պատգամավորների եւ հանրային ծառայողի վրա ոտնձգություն կատարողին հրաշալի օրինակ եք ծառայում՝ անհայրենիք մանկուրտներ, դավաճան լակոտներ, պետականության վրա թքած ունեցող լածիրակներ…Սա է ձեր բառապաշարը, ամոթ ձեզ: Դուք չեք հասկանում քաղաքացիների զայրույթը, որովհետեւ դուք չէիք տեսնում հեղափոխությունից առաջ կուտակված զայրույթը եւս եւ առհասարակ հեղափոխության անհրաժեշտությունը»:

Նաիրա Զոհրաբյանը տեղից արձագանքեց՝ «ամոթ ձե՛զ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031