Ազգային ժողովում այսօր ավելի քան երկու ժամ է՝ պատգամավորների մի մասը փակ քննարկում է անցկացնում Սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչների, սպանդանոցների սեփականատերերի հետ՝ կապված սպանդանոցային մորթի կազմակերպման շուրջ մսավաճառների եւ անասնապահների դժգոհության ալիքի հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ տեղեկացրեց՝ որպես լուծում կառավարությանն առաջարկելու են, որպեսզի վերջինս անասնապահներին առաջարկի շարժական սպանդանոցներից օգտվել:
«Մսավաճառներն այդպես հնարավորություն կունենան իրենց բիզնեսը կազմակերպելու: Այդպիսի մոտ 39-ը սպանդանոցներ կան, որոնց մի մասն է միայն պատրաստ աշխատելու՝ փաստաթղթերի կամ այլ պատճառով: Մի քանի օր իրենց աշխատանքը դեռ կանգնած է լինելու, բայց այս պահին մեր առաջարկած լուծումը նորմալ է իրավիճակի համար: Վաղը պարզ կլինի, թե կառավարությունն իր հերթին ինչ առաջարկներ կանի»,-նշեց Ռուստամ Բաքոյանը:
Նրա խոսքով՝ այն մարզերում, որտեղ շարժական սպանդանոցներն արդյունավետ չեն աշխատի, պետության սուբսիդավորմամբ հնարավոր կլինի նոր սպանդանոցներ կառուցել, իսկ հետագայում գուցե դրանք հանձնվեն մասնավորին: Պատգամավորը նաեւ շեշտեց, որ սպանդանոցային մորթն անհրաժեշտություն է. «Վաղն առաջարկների փաթեթը կտրամադրենք կառավարությանը»: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ հունվարից անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելը պարտադիր է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ