«Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը` քրեական ենթամշակույթը կրող անձանց եւ «Բանկային գաղտնիքի մասին» նախագծերի քննարկմանը. «Մենք դեռ ոմանց պետք է բացատրենք, որ երբ ասում ենք՝ ԱԺ բարձր ամբիոն, այս ամբիոնի աշխարհագրական դիրքը նկատի չունենք, դա էլ պետք է ոմանց բացատրենք: Փաստորեն, քաղաքական մեծամասնությունը անելիք ունի նաեւ ընդդիմության կայացման հարցում: Այսօր մենք խոսում ենք ընդդիմության լիազորությունները ընդլայնելու մասին, բայց մենք հո գիտենք, որ լիազորությունները ենթադրում են նաեւ պատասխանատվություն, այդ լիազորությունը իրականում նաեւ զենք է, մենք հո գիտենք, որ երեխաներին զենք տալը վտանգավոր է հանրության համար»:
Նա ասաց, որ այնպիսի կարեւոր օրենքների ժամանակ, ինչպիսին քրեական ենթամշակույթի մասին նախագիծն էր, քաղաքական ընդդիմությունը քաղաքական հանցավոր կրավորականություն է դրսեւորում. «Ինչքան էլ իրենք պնդեն,որ դեմ են հանցավորությանը, եւ այլն, ես քաղաքական խիզախություն կդրսեւորեմ ու կհայտարարեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը քրեածին տարրերին ուղղակի կամ անուղղակի, գիտակցված կամ ակամա աջակցում է իր գործողություններով: Այս հանցավոր տարրերին աջակցելու համար նրանք ունեն խիստ նեղ անձնական շահեր, կամ ունեն կամային հատկանիշների դեֆիցիտ: Սա ունի օբյեկտիվ պատճառ՝ քրեական լեզվամշակույթը անցած 100 տարվա ընթացքում իր խորը արմատներն է գցել հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներում, այդ թվում քաղաքական համակարգում եւ հենց այսօր էլ քրեական ենթամշակույթը ներկայացված է մեր խորհրդարանում»:
Ըստ Ուլիխանյանի, միայն «Իմ քայլում» չկա քրեական ենթամշակույթ ու սա մեծացնում է իրենց պատասխանատվությունը: Ըստ նրա, խորհրդարանական ընդդիմությունը վնասում է առողջ ընդդիմությանը. «Նրանք ամեն օր փորձում են իրենց գցել մեր քաղաքական կատոկի տակ, կարծում եմ կհամաձայնեք, որ գնալով ավելի դժվար է դառնում նրանց չկատոկելը: Բայց մենք չենք տրվելու նրանց կատոկելու գայթակղությանը, որովհետեւ, այնուամենայնիվ, մենք առաջնորդվում ենք պետական շահով, իսկ մեր պետական շահը պահանջում է, որ խորհրդարանում ներկայացված լինի առողջ ընդդիմություն: Մենք ամեն ինչ անելու ենք այդ առողջ ընդդիմությունն ունենալու համար: Առողջություն եմ մաղթում մեր ընդդիմությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ