Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելի պարոն մարզպետ եւ մարզպետի յուրայիններ, դուք սխալվում եք, ՀՀ-ում թայֆայի իշխանություն չի՛ լինելու». Նազելի Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետին

Հունվար 21,2020 17:53

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմանը, որով «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմին՝ Ժորժիկ Սերոբյանին:

Հիշեցնենք, որ թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը եւ Ժորժիկ Սերոբյանը: Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը մրցույթի 3 փուլերը հաղթահարել է 100% արդյունքով։ Ժորժիկ Սերոբյանը «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։

Նազելի Բաղդասարյանն ասաց, որ այս ամենին շատերը քաղաքական երանգ են փորձում տալ, մինչդեռ նոր Հայաստանում քաղաքական պատմության այդ էջը շրջել են. «Հայաստանում նման պաշտոնները չեն կարող լինել քաղաքական որոշման հետեւանք: Մարզպետն ունի իր լիազորությունները ու իր անձնական որոշման արդյունքում կատարել է նման նշանակում: Ասել, որ սա քաղաքական թիմի արժեքներն են ու իրենց մոտեցումները, միանշանակ սխալ է: Պետք է հասկանանք, որ երբ կան անձնական մոտեցումներ, հովանավորչություն եւ շահերի բախում, պետք է որ պետական այրերը սրանից վերեւ կանգնեն: Ես հուսով էի, որ Շիրակի մարզպետն օժտված է այդ հատկություններով եւ կկարողանա կամային որոշում կայացնել: Չեմ ուզում մեկնաբանել մարզպետի որոշումը, բայց միանշանակ թույլ չեմ տա, որ որեւէ մեկը, մսխելով հեղափոխության արժեքները, բերի այնպիսի կեղծ գաղափարներ, որոնք մեր քաղաքական թիմին հարիր չեն:

Ես եւ գոնե շատ գյումրեցիներ հասկանում ենք, թե ինչին է միտված այս քաղաքական դիրքավորումը: Գյումրին այնքան էլ մեծ քաղաք չէ, եւ մենք հասկանում ենք, որ սա ճիշտ դիրքավորում է քաղաքապետի ընտրությունից առաջ: Եթե ինչ-ինչ պատճառներով ձեր հաշվարկները ճիշտ չկատարվեն ու դուք այլ քաղաքական թիմով փորձեք առաջ գնալ, սա ձեզ ապահովում է հենարան: Հարգելի պարոն մարզպետ եւ մարզպետի յուրայիններ, դուք սխալվում եք: Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու, մենք այս ամենին վերջ ենք դրել եւ դուք պատասխանատվություն եք կրում ձեր ցանկացած որոշման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031