Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել բացառապես սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարության որդեգրած դիրքորոշումը:
Գյուղատնտեսությունը և, մասնավորապես անասնապահությունը հանդիսանում են Հայաստանի տասնյակ հազարավոր ընտանիքների եկամտի եթե ոչ միակ, ապա հիմնական աղբյուրը: Ուստի, այս ոլորտում կառավարության ձեռնարկած ցանկացած քայլ պետք է միտված լինի ոլորտի զարգացմանը, դյուրացնի անասնապահությամբ զբաղվելը և բարձրացնի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսությունների ու ձեռներեցների եկամուտը: Մինչդեռ, հերթական անգամ կառավարությունը խնդրի լուծումը պատկերացնում է ոչ թե ամբողջական, այլ հատվածային և չկշռադատված:
Խնդիրն այն է, որ թեև սննդի անվտանգության ապահովման կարևոր մեխանիզմներից մեկը սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումն է, սակայն այն ենթադրում է բոլոր անհրաժեշտ և բավարար պայմանների առկայություն, որոնք ներկայումս բացակայում են: Ուստի, դրական արդյունք ապահովելու փոխարեն առաջանում են բարդություններ թե՛ անասնապահությամբ զբաղվողների, թե՛ անասունների մորթով զբաղվողների, թե՛ սպառողների համար:
Մասնավորապես.
Կարդացեք նաև
- Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում: Ավելին՝ այս վիճակում նշված պահանջի կիրառումը հանգեցնելու է մսամթերքի գների անվերահսկելի բարձրացմանը, ցածրորակ մսամթերքի ներմուծմանը` վնասելով տեղական արտադրությանը:
- Հայաստանի մարզերում բացակայում են որակյալ և բավարար մրցակցություն ապահովող անհրաժեշտ քանակի սպանդանոցներ: Անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է ստեղծի այդպիսի համակարգ՝ ամբողջությամբ պետական կամ մասնավորի հետ համատեղ (այդ թվում՝ ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ):
- Ֆինանսական լրացուցիչ բեռ է դրվում գյուղացու (անասուն ունեցողի) վրա:
- Սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումը պետք է տնտեսապես շահավետ լինի թե գյուղացու, թե սպանդանոցը գործարկողի և թե սպառողի համար:
- Անասունների մորթի գործում մասնագիտացած անձինք չպետք է հայտնվեն գործազուրկի կարգավիճակում, այլ պետք է հնարավորություն ունենան իրենց մասնագիտական որակներն օգտագործել սպանդանոցային մորթի բնագավառում՝ ապահովելով աճող եկամուտ իրենց ընտանիքների համար:
- Պետք է ընդլայնել և բարձրացնել անասնաբուժական ծառայությունների հասանելիությունն ու որակը՝ անհրաժեշտ դեղորայքը ժամանակին ապահովելու և բարձրակարգ անասնաբույժների համակարգի ստեղծման միջոցով:
- Հանրային, համայնքային և պետական պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով հարկ է վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը:
Վերը նշված պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատել և գործադրել գործողությունների հստակ ծրագիր և ժամանակացույց, ոլորտի խրախուսման և պետական աջակցության նոր փաթեթի ընդունում՝ ի հավելումն աջակցության գործող մեխանիզմների:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ