Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինում Թումո կենտրոն կբացվի

Հունվար 21,2020 17:21

Այսօր` հունվարի 21-ին, Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար, տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերից` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների անդամներ, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի և KfW բանկի ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման»:

Թումո Բեռլինի հիմնադրման ծրագիրն իրականացվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ: Ինչպես իր խոսքում նշեց KfW բանկի գործադիր խորհրդի անդամ Ինգրիդ Հենգսթերը` կրթական ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում է. «Աջակցությունը կրթական ոլորտին KfW-ի հիմնական առաջնահերթություններից է: Թումոյի հետ իրականացվող այս նորարարական ծրագրով նպատակ ունենք տարածել թվային կրթությունը այն երկրներում, որտեղ KfW-ն ունի համագործակցություն: Միայն միմյանցից սովորելու դեպքում մենք իսկապես կարող ենք հաջողել այս թվային դարաշրջանում: Ուստի, ես հույս ունեմ, որ Գերմանիայում կգտնենք շատ գործընկերներ այս ծրագիրն իրականացնելու համար»:

Թումո Բեռլինի ուսանողները մասնագիտանալու են ծրագրի 10 ոլորտներում. ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, նկարչություն, լուսանկարչություն և ռոբոտաշինություն:

Խոսելով կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ընդգծեց. «Այն կրթական ծրագիրը, որը KfW-ի ու Թումոյի ջանքերով մեկնարկում է Բեռլինում, հավակնոտ է: Այն ընդգրկելու է տեխնոլոգիաների և դիզայնի ամենաարագ զարգացող ոլորտները, ինչպես նաև իրականացնելու է արհեստական բանականության, հաշվողական գրաֆիկայի, ալգորիթմային երաժշտության նախագծեր. այն տալու է բազմաթիվ հնարավորություններ հայտնաբերելու ապագայի մասնագիտությունները և պատրաստ լինելու դրանց»:

Բեռլինը Թումոյի հաջորդ միջազգային ուղղությունն է: Ծրագիրն արդեն գործում է Փարիզում և Բեյրութում, նախապատրաստվում է նաև բացել կենտրոններ Մոսկվայում, Տիրանայում, Տոկիոյում և այլ քաղաքներում:

Թումո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031