Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքների 92%-ը բաժին է ընկնում Երևանին, մարզային քաղաքների ակտիվությունը շարունակում է մնալ ցածր

Հունվար 21,2020 17:12

Հունվարի 21-ին «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում մեդիա ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ staff.am-ը ներկայացրեց ՀՀ աշխատաշուկայի ակտիվության ամենամյա վերլուծությունը 2019թ․-ի տվյալներով։

Վերլուծությունը ներառում էր համեմատություններ ինչպես 2018թ․ տվյալների հետ, այնպես էլ հետևություններ 2020 թվականի համար։ Ըստ վերլուծության արդյունքների թափուր աշխատատեղերի քանակը 2018-ի համեմատ 2019-ին աճել է 250%-ով:

«Ամենապահանջված մասնագիտությունը շարունակում է մնալ Ծրագրավորումը, ընդ որում դիտարկելով թոփ 10 պահանջված մասնագիտությունները տեսնում ենք, որ 2018-ի տվյալների համեմատ աճել է Ծրագրավորման, Վաճառքի ու սպասարկման, Որակի կառավարման և Կրթության ոլորտների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ։ Վերջինս պայմանավորված է պետ․ ոլորտի՝ մասնավորապես ԿԳՄՍՆ-ի կողմից 2019թ․-ին հարթակի ակտիվ օգտագործմամբ»,- նշեց staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

Ծրագրավորման մասնագետների պահանջարկի հետ կաճի նաև դեֆիցիտը, նման իրավիճակ կլինի նաև Թվային  մարքեթինգի, Տվյալագիտության (Data Science), Պրոդուկտի զարգացման, Նախագծերի զարգացման և չորրորդ ինդուստրիալ հեղափոխության արդյունքում առաջացած մասնագիտությունների դեպքում։

ՀՀ-ում 2019-ին ամենաակտիվ գործատուները ներկայացրել են ՏՏ, Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն, Արդյունաբերություն/Արտադրություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր ոլորտները։ Թոփ 5 գործատուների ցանկը ամփոփում է Տուրիզմ և Հյուրընկալություն ոլորտը։ Ամենամեծ բացասական փոփոխությունը ամբողջի մեջ տեսակարար կշռով՝ Ֆինանսներ/Ապահովագրություն/Բանկ և Հեռահաղորդակցության ոլորտներում է տեղի ունեցել։

2020-ին ՏՏ ոլորտը կշարունակի դինամիկ զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, իսկ ՏՏ ընկերությունները կշարունակեն մնալ առաջնորդի դերում, ակտիվությունը աճեցնելով մոտ 4-6 տոկոսային կետով։

Մարզային քաղաքների ակտիվությունը շարունակում է մնալ ցածր։ Բոլոր աշխատանքների 92%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ մարզային քաղաքներում կամ տեղական ընկերություններն են գերիշխում, կամ բանկային, ապահովագրական և հեռահաղորդակցության մասնաճյուղի աշխատանքներն են։ Կարող ենք նշել նաև Գյումրի քաղաքում ծրագրավորման և այլ ՏՏ մասնագետների պահանջարկը։ Մասնավորապես, Գյումրիում առկա թափուր աշխատատեղերի մոտ 15% -ը ՏՏ ոլորտում է։

Զարգացման նման համատեքստում մարզային քաղաքների ակտիվությունն ու ներգրավվածությունը կշարունակի մնալ 7-8% տեսակարար կշռի սահմաններում։ Մարզային ակտիվության աճը անմիջականորեն կապված է ՀՀ-ում աշխատաշուկայի թվայնացման հետ և ցանկացած մեծ փոփոխություն այդ ոլորտում կհանգեցնի նաև մարզային քաղաքների ակտիվության աճին։

«Սոֆթ (անձնային) հմտությունների դերը աշխատաշուկայում գնալով ավելի կարևոր է դառնում։ Եթե համեմատենք գործատուի կողմից 2018թ․-ին առաջադրված պահանջները սոֆթ հմտությունների  կոնտեքստում, ապա վստահ կարող ենք ասել, որ անկախ մասնագիտությունից այնպիսի հմտություններ ինչպիսիք են Թիմային աշխատանքը, Ժամանակի  կառավարումը Problem Solving (Խնդիրներին օպտիմալ լուծում տալը), Աշխատանքի և թիմի հանդեպ դրական վերաբերմունքը և այլն, նույնքան կարևոր են, որքան տվյալ մասնագիտության համար պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները», – հավելեց staff.am Հաղորդակցության գծով տնօրեն Նազելի Բադալյանը։

Աշխատավարձերի ուսումնասիրությունը թվային տեսքով ցույց է տալիս այն պատկերը, որ կա ՀՀ աշխատաշուկայում այսօր։ Մասնավորապես, մեծ տարբերությամբ մյուս ոլորտների հետ գերիշխում է Ծրագրավորող ինժեներների աշխատավարձերը, թոփ հնգյակում առաջին 4 մասնագիտությունները ՏՏ ոլորտից են, ընդ որում, եթե դիտենք տարիների փորձի հետ աճի դինամիկան, ապա ՏՏ ոլորտի աշխատանքներում այն վառ արտահայտված է։

Ըստ հարցման մասնակիցների Մարքեթինգի ոլորտի և Վեբ/Գրաֆիկ դիզայներ մասնագետների աշխատավարձերն ավելի բարձր են, քան Բանկային ոլորտում, սակայն իրականում պատկերը մի փոքր այլ է։ Բանկային ոլորտում բարձր պաշտոնյաների աշխատավարձն այստեղ հաշվի առած չէ, այսինքն` գործ ունենք միջին և միջինից մի փոքր բարձր պաշտոնների հետ։

Աշխատավարձերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և փորձի
Ամենապահանջված մասնագիտությունների և ՄՌԿի համար

Մինչև 1 տարի/ինթերն 1-2 տարի 2-4  տարի 4-6  տարի 6-10  տարի 10-15  տարի
 Ծրագրավորում                                     214,000          311,000          661,000          944,000          1,118,000          1,570,000
Վաճառք/Սպասարկում 123,000 137,000 140,000 170,000 265,000 300,000
Մարքեթինգ/Գովազդ 13,7000 170,000 350,000 430,000 585,000 864,000
Բանկային/Վարկային գործ 156,000 189,000 283,000 351,000 437,000 480,000
Ադմինիստրատիվ/Օֆիսային 108,000 128,000 167,000 108,000 238,000 255,000
Որակի կառավարում(QA) 154000 318000 443000 606000
Կրթություն/Գիտություն 55,000 69,000 109,000 141,000 176,000 190,000
Հաշվապահություն/Հաշվետարություն 107,000 126,000 190,000 205,000 319,000
Վեբ/Գրաֆիկ դիզայն 141,000 188,000 376,000 666,000 865,000
Մարդկային Ռեսուրսների  կառավարում 148,000 202,000 240,000 298,000 527,000

Աշխատավարձերի առումով ունենք հետևյալ կանխատեսումները՝ ՏՏ ոլորտում կշարունակվի դինամիկ աճը, կախված ՀՀ՝ նոր ՏՏ ընկերությունների մուտքով բարձրացումը կարող է տատանվել 10-22% միջակայքում, աշխատավարձի բարձրացում կդիտվի Վաճառքի այն մասնագետների մոտ, որոնք հիմնականում աշխատում են տեխնոլոգիական ոլորտում։ 5-8,5% աճ կդիտվի նաև Մարքեթինգի ոլորտում։ Ըստ մեր կանխատեսումների ավելի տրադիցիոն ոլորտներում, ինչպիսիք են Ֆինանսաբանկային, Արտադրություն, Խորհրդատվություն և այլն, 2020-ին աշխատավարձերի էական փոփոխություն չի արձանագրվի։

Աշխատաշուկայի թվայնացման մակարդակը ՀՀ-ում դեռ զարգացման սկզբնական փուլերում էն, մասնավորապես, անհատների և գործատուների կողմից համապատասխանաբար աշխատանք և աշխատակից փնտրելու առկա գործիքները օգտագործվում են ոչ լիարժեք։

Շատ ընկերություններում առկա է թղթային տարբերակով ինքնակենսագրականների, կամ լավագույն դեպքում, էլ․ փոստի միջոցով աշխատանքի դիմումներ ընդունելու արմատացած մշակույթը։

Թվային հարթակներում առկա բոլոր աշխատանքի հայտարարությունների ընդամենը 7․5%-ն է բաժին ընկնում մարզերին, այն էլ հիմնականում մասնաճյուղերի մեծ ցանց ունեցող և Երևանում գլխամաս ունեցող ընկերություններին։

Պետ․ ոլորտն աստիճանաբար անցում է կատարում թվային լուծումների, մասնավորապես 2019թ․-ի ընթացքում staff.am-ի միջոցով իրենց թափուր աշխատատեղերի մասին հայտարարել են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարությունները, ՀՀ Վարչապետի ապարատը, ՀՀ Ազգային Ժողովը և այլ կառույցներ։ Հույս ենք հայտնում, որ պետական ոլորտում հավաքագրման թվայնացման գործընթացը կզարգանա և կկատարվի փոփոխություն նաև օրենսդրական մակարդակում։

Թվայնացման գործում մեծ դեր ունի իրազեկումը, որի մի մասն էլ կազմում է staff․am-ի կողմից կատարվող ամենամյա ՀՀ աշխատաշուկայի վերլուծությունը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031