Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ապշած եմ ձեր վախերից». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին»

Հունվար 21,2020 17:06

«Սա տանկով ճանճի հետեւից ընկնելու խնդիր կարող է առաջացնել, չի կարելի մտնել համայնքների լիազորությունների դաշտ»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսպես բնութագրեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը՝ Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերած աղբատար մեքենաների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը ծածուկ գործընթացներ է արել, որոնցում ակնհայտ կան, կարող են լինել ողջամիտ կասկածներ կոռուպցիայի մասին: Գորգիսյանը հիշեցրեց, որ երբ նմանատիպ քայլ անում էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ասում էր՝ բերեք «Երեւան» հիմնադրամին փող փոխանցեք՝ ձեզ շինթույլտվություն կտամ, այդ ժամանակ իշխանական մեծամասնությունն ասում էր՝ դա կոռուպցիա է, անթույլատրելի է. «Հիմնադրամն էլ ծառ էր տնկում, խաղահրապարակ կառուցում, համայնքի համար էր արվում, ինչի՞ էիք բողոքում, որովհետեւ այդտեղ կոռուպցիոն սխեմաներ կարող են լինել, անհավասար պայմաններ: Եթե դու տալիս ես գումար, քո համար դռները բացվում են, չես տալիս՝ ավտոտնակ վերանորոգելու թույլտվություն էլ չեն տալիս: Ինչի՞ց եք վախենում, հարգելիներս»:

Իմքայլականներից Արմեն Փամբուխչյանն ասաց, որ բացահայտումներից չեն վախենում:

Իսկ Սոնա Ղազարյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» կարող էր դիմել իրավապահ մարմիներին, կարող էր ավագանիում նման հանձնաժողով ստեղծել, բայց ԼՀԿ-ն կրկին ընտրել է երրորդ ճանապարհը. «Ցավում եմ, այն ձեզ ոչ մի տեղ չի տանելու»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ կասկածում է՝ այս կամազների հարցը հետաքրքրո՞ւմ է հանրության լայն շրջանակներին, թե՞ ոչ, որ մի հատ էլ քննիչ հանձնաժողով ստեղծեն, մաքուր քաղաքն ավելի շատ է հուզում հանրությանը:

Նույն խմբակցությունից Արման Եղոյանն ասաց՝ չկա կոռուպցիա, առանց մասնավոր շահի: Նա հարցրեց՝ ո՞րն է այստեղ քաղաքապետի շահը, որ ասում եք՝ կոռուպցիա, ինքը կամ իր մերձավորները պետք է դրանից շահեն. «Եթե լիներ մի հատ Կամազ ու այդ Կամազը տաներ միայն քաղաքապետի շենքի աղբը, էլի դա կլիներ մասնավոր շահ, կասեինք՝ գործ ունենք կոռուպցիայի հետ»: Հետո Եղոյանը հայտարարեց. «Էս իշխանությունից կոռուպցիա չեք սպասի երբեւէ, չի լինելու նման բան»: Երբ դահլիճից հիշեցին վերջին կոռուպցիոն բացահայտումների մասին՝ Եղոյանը ճշտեց՝ խոսքը համակարգային կոռուպցիայի, կոռուպցիոն շղթայի մասին է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած էր, որ քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է, այսօր ԱԺ-ում կազմը պետք է քննարկեն, մինչդեռ իմքայլականները քննարկում են՝ պե՞տք է կամ իրավաչա՞փ է նման հանձնաժողով ստեղծել: Նա ասաց, որ հանձնաժողովում մեծամասնություն են լինելու «Իմ քայլի» պատգամավորները ու որոշում են կայացնելու մեծամասնությամբ. «Դուք եք տեսնելու՝ կա՞ կոռուպցիա, թե՞չկա: Ուզում եք վաղը տապալել, եթե վաղը տապալեք, քաղաքական մեծ խնդիր եք ունենալու: Չանեք նման բան: Ես ապշած եմ ձեր վախերից, դուք վախենում եք, որ էդ հանձնաժողովը ստեղծվում է: Դուք եք որոշելու ինչը ուսումնասիրեք, ինչը՝ չէ: Հանձնաժողովը սահմանադրական է»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանին կամազների հետ կապված գրավոր հարցեր է ուղղել, իրեն հորդորել է դիմել այդ հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031