Ինչպես հայտի է, «Լուսավոր Հայաստանը» նախաձեռնել է քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց՝ Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերած աղբատարների՝ «կամազների» հարցով:
Այսօր ԱԺ նիստում հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավորները, մասնավորապես, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հիմնական զեկուցող Անի Սամսոնյանին հորդորեցին պատասխանել՝ Սահմանադրությունը սահմանում է, որ քննիչ հանձնաժողով կարող են ստեղծել ԱԺ-ի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ունեցող հարցի հետ կապված, այս նախագծում ներկայացրած որեւէ հարց ԱԺ-ի իրավասության մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ:
Անի Սամսոնյանը նախ ասաց, որ ԱԺ իրավաբանական վարչությունը տվել է եզրակացություն, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, բացի այդ, ԱԺ-ն ունի վերահսկողական գործառույթ՝ օրենքների կատարման նկատմամբ:
Արուսյակ Ջուլհակյանը հակադարձեց՝ հորդորելով կարդալ ԱԺ կանոնակարգ օրենքը, ըստ որի, նման գործառույթ ունեն մշտական հանձնաժողովները միայն. «Քննիչ հանձնաժողովը որեւէ պարագայում չի կարող հանդես գալ մշտական հանձնաժողովի պարագայում: Ո՞ր իրավասության շրջանակում եք առաջարկել ստեղծել քննիչ հանձնաժողովը»:
Կարդացեք նաև
Սամսոնյանը այս անգամ հղում արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. «Այս ինստիտուտի գլուխը Արարատ Միրզոյանն է: Եթե դուք ունեք խնդիրներ,կասկածներ այս քննիչ հանձնաժողովի օրինականության վերաբերյալ, ուրեմն դուք պիտի դիմեք պարոն Միրզոյանին: Եթե պարոն Միրզոյանը ընդունել է որոշում, որ դա ԱԺ տիրույթում է, ուրեմն կա՛մ դուք ձեր ԱԺ նախագահին չեք վստահում, կամ փորձում եք քննիչ հանձնաժողովի օրինականությունը վարկաբեկել, ո՞ր մեկն է»:
Արարատ Միրզոյանը տեղից կատակով հավելեց՝ «հը՞, տիկին Ջուլհակյան»:
Ջուլհակյանը հորդորեց կոնկրետ հարցին կոնկրետ պատասխան տալ: Անի Սամսոնյանն ի պատասխան ասաց, որ եթե իրենց դիմումը պահանջներին չհամապատասխաներ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերադարձվեր խմբակցությանը, մինչդեռ նախագիծը ԱԺ նախագահը չի վերադարձրել. «Իսկ ինչու չի վերադարձրել, խնդրում եմ այդ հարցով դիմել Արարատ Միրզոյանին, որի հեղինակության հետ դուք հիմա խաղում եք»:
Միրզոյանն էլ կատակեց. «Ժողովուրդ ջան, հլը մի րոպե, ես խնդրում եմ իմ հեղինակության հետ ոչ մի ֆրակցիա չխաղա»:
Հետո Արարատ ՄԻրզոյանը պարզաբանեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը ասում է՝ եթե անհրաժեշտ թվով ստորագրություններ են հավաքվել, իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով է ստեղծվում եւ եթե ստորագրությունների թիվը, փաստաթղթերի ցանկը, որը կա, կցված են, որեւէ խնդիր չկա, ԱԺ նախագահը հայտարարում է այդ մասին. «ԱԺ նախագահը ոչ որոշում է ստեղծել քննիչ հանձնաժողով, ոչ էլ կարող է: Խնդրում եմ մնացած հարցերը ձեր մեջ պարզաբանեք ֆրակցիաներով»:
«Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ իր ելույթում ասաց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խութեր ունի, իսկ այս քննիչ հանձնաժողովի նախագծում հարցեր կան, որոնք չեն մտնում ԱԺ իրավասության մեջ, ուստի ինքը անհաշտ է այն ստեղծելու գաղափարի հետ:
«Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանն ասաց, որ չի կարծում, թե ԱԺ-ում պիտի «կամազներ» ստանալու հարցը ստուգել, եթե իրավունք չունեին Կամազ նվիրելու, դատախազությունը դրանով պետք է զբաղվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ