Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին հունվարի 21-ին միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանին թույլ տալ տեղափոխել Ֆրանսիա՝ Վանդերվոլֆ հիվանդանոցում բուժում ստանալու:
Նա ներկայացրեց մի շարք պրոֆեսորների տեղեկանքներ, որոնցում նշված է Մանվել Գրիգորյանի՝ այդ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության մասին: Լևոն Բաղդասարյանն այս առիթով հայտարարեց. «Մանվել Գրիգորյանը 10 ամիս հարազատների հաշվին բուժօգնություն է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: Բուժման ընթացքում արձանագրվել է հիվանդությունների ավելացում և վատթարացում, որն արձանագրել է նաև միջգերատեսչական հանձնաժողովը: Այժմ Մանվել Գրիգորյանի հարազատները ցանկանում են նրան իրենց միջոցներով տեղափոխել Ֆրանսիայի Վանդերվոլֆ հիվանդանոց, որտեղ ժամանակին վիրահատել են նրա թոքը և շուրջ 20 տարի բուժել դիաբետը»:
Մանվել Գրիգորյանի պաշտպանները հերթով հայտարարություններ արեցին և հիմնավորեցին, թե ինչու է անհրաժեշտ արտասահմանում բուժում ստանալը, մասնավորապես կա մի հետազոտություն, որը ՀՀ-ում չի կատարվում, ուստի անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր:
Փաստաբանները նաև շեշտեցին այն փաստը, որ Հայաստանում բուժման ընթացքում Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ավելացել և վատթարացել են:
Կարդացեք նաև
Այս միջնորդությանն առարկեց մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը՝ պնդելով, որ միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննության մեջ էլ նշվում է, որ Մանվել Գրիգորյանի բուժումը կարելի է իրականացնել Հայաստանում: Այնուհետև շարունակեց. «Որևէ փաստական հիմնավորում չկա, որ նա ՀՀ-ում չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ, նման հիմնավորում որևէ բուժկենտրոնից չկա: Դեռ նախաքննության փուլում նշվում էր, որ թոքի քաղցկեղի հետ կապված խնդիրներ կան, բայց այդ առումով բժշկական միջամտությունների անհրաժեշտություն չկա»:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը (լուսանկարում) դատարանի դահլիճում ընթերցեց «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքը, որում տեղեկություն է տրամադրվում Մանվել Գրիգորյանի ներկա առողջական վիճակի մասին: Ըստ բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալի ստորագրած տեղեկանքի՝ Մանվել Գրիգորյանը ներկա պահին գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Սրտի ռիթմը վերականգնվել է և հաճախասրտությունը պահպանվում է, իսկ ռիթմի խանգարման վտանգ կա, որի հետ կապված էլ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում:
Նախագահող դատավորը ներկայացված միջնորդության վերաբերյալ հայտնեց իր կարծիքը: Նա մասնավորապես հայտարարեց. «Դատարանին որևէ ապացույց ներկայացված չէ այն մասին, որ Մանվել Գրիգորյանի՝ վատառողջ լինելը, վիճակի վատթարացումը առնչվում է այս ախտորոշման բացակայության հետ: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ դատարանը որոշեց միջնորդությունը մերժել»:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020-ի փետրվարի 11-ին՝ ժամը 14.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ