ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությանը։
Ամսագիրն անդրադարձել է հայկական մշակույթին, մասնավորապես՝ հայկական գորգագործությանը և Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանում ժառանգության պահպանման խնդիրներին։ Գորգագետ Աշխունջ Պողոսյանի «Անատոլիական գորգերի ծագման մասին» խորագրով արժեքավոր հոդվածն անդրադառնում է հայկական գորգի ավանդույթների ձևավորմանը՝ արժևորելով դրա տեղն ու դերը մշակույթի պատմության հոլովույթում։
Հայաստանը Սոֆիայի կենտրոնին անդամակցում է 2013 թվականից և գործուն մասնակցություն ու ներդրում ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կենտրոնի հետ տարվող աշխատանքներում, որոնք ուղղված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը, տարածմանը, միջմշակութային երկխոսությանն ու միջազգային հանրահռչակմանը։
Կարդացեք նաև
Անդամակցության շրջանակում Հայաստանի շնորհալի փոքրիկ նկարիչները մասնակցել են նկարչական մրցույթի: Երիտասարդ լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Սոֆիայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներին, ոլորտի մասնագետները պարբերաբար մասնակցել են ժառանգությանը նվիրված խորհրդաժողովներին և քննարկումներին, ինչպես նաև «Կենսունակ ժառանգություն» ամսագրի ամենամյա հրատարակությունների աշխատանքներին։
ՀՀ ԿԳՄՍՆ