«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքին, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Գեորգի Կուտոյանը զոհն է այս ավտորիտար համակարգի և պետության անպատժելի մթնոլորտի․«Շարունակաբար կիրառվող և ընթացող ապօրինությունների զոհն է։ Ոչ մի ներկա կամ նախկին բարձրաստիճանն պաշտոնյա չի կարող պաշտպանված լինել, եթե մենք մեր երկրում չունենք հակակշիռների և զսպումների մեխանիզմ»։
Փոստանջյանն ընդգծում է, որ Կուտոյանը վերջին երկու տարիների ընթացքում եղել է շատ կարևոր պաշտոնի․ «Այդ երկու տարիների ընթացքում կարևոր աշխարհաքաղաքական իրողություններ տեղի ունեցան նաև մեր տարածաշրջանում, և այս գաղտնիքների մասին տեղեկացված է եղել պարոն Կուտոյանը, հետևաբար՝ նրա կյանքի պաշտպանությունը պետք է հոգար պետությունը»։
Փոստանջյանը նշում է, որ մարդկանց կալանավորելու, հետո բաց թողնելու ուղղակի տեսարաններ են ապահովում նաև հոգեբանական ճնշում բանեցնելու համատեքստում, որովհետև որևէ լուրջ դատական գործընթաց այդպես էլ տեղի չի ունենում։
Բանախոսը վստահ է, որ Կուտոյանը տիրապետում էր գաղտնիքների նաև այս իշխանության հետ կապված․ «Նա մասնակիցն էր ՊՊԾ գնդի բանակցությունների, ինձ համար անհասկանալի մնաց՝ ինչպես թույլ տվեցին Նիկոլ Փաշինյանին մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք, և այնտեղից ուղիղ եթերով հանդես գալ, նաև՝ ինչպես տեղի ունեցավ իշխանության փոխանցում Նիկոլ Փաշինյանին, տեղեկացված է եղել, որ Նիկոլ Փաշինյանը գրավում է Ռադիոտունը, և այդ ժամանակ ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, այսինքն՝ բազմաթիվ հարցերի և տեղեկատվական դաշտի կրողը եղել է Գեորգի Կուտոյանը»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: