Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Աշոտյան, պարիկով եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք». «Իմ քայլի» պատգամավորները Մարուքյանին ու Գորգիսյանին հիշեցրել են կարկառուն ՀՀԿ-ականներին

Հունվար 21,2020 15:05

«Բանկային գաղտնիքի» նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ իմքայլականների արձագանքին՝ ուղղված Մանե Թանդիլյանի ելույթին, մասնավորապես, խոսքը վերաբերում էր Սուրեն Գրիգորյանին. «Ասում եք՝ ուզում եք հանցագործությանը, փողերի լվացմանը աջակցե՞ք: Դա ի՞նչ փաստարկներ են: Մարդիկ են, մասնագետներ են, որոնք ունեն հակառակ կարծիք, քան ձեր մասնագետները: Ի՞նչ է նշանակում, որ եթե հակառակ կարծիք են ասում, ասում եք՝ կարո՞ղ է ուզում եք փողերի լվացմանն օգնեք: Դո՛ւք օգնեք փողերի լվացմանը, դուք օգնեք հանցագործներին: Մենք չենք օգնել, չենք օգնում, չենք էլ օգնելու»:

Հետո Էդմոն Մարուքյանն անցավ հայոց լեզվի բացատրությանը. «Ձեզ հայերեն լեզվով ասում ենք՝ բանկային գաղտնիքը սասանում եք: Սասանելը գիտե՞ք որն է, որ սենց շարժում եք: Դա ֆունդամենտալ բան է, երբ սասանում եք, պրոբլեմ է առաջանալու»:

Մարուքյանին իշխանականների՝ նախագիծը հիմնավորող ելույթները հիշեցրել էին կարկառուն ՀՀԿ-ականների. «Ձեր ելույթները լսում եմ, հիշում եմ Դավիթ Հարությունյանին, Հրայր Թովմասյանին, կառավարության նիստերը սահմանափակող օրենք էին բերում, ասում էինք՝ պարոն Հարությունյան, ինչի՞ եք կառավարության նիստերը փակում, սկսում էին հիմնավորել, որ ավելի ճիշտ է, ավելի ժողովրդավարական է, ավելի արդյունավետ: Հիմա պարոն Վարդանյանը եկել է, ասում է՝ մենք ոչ թե բանկային գաղտնիքը խաթարում ենք, մենք ավելի ենք հզորացնում բանկային գաղտնիքը: Հստակ թուլացնում են պաշտպանությունը ու ասում՝ ավելի ենք ուժեղացնում բանկային գաղտնիքը, ձե՞ռ եք առնում, մի՛ նմանվեք, էլի, ձեր նախկին գործընկերներին»:

Մարուքյանից հետո ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Նա հիշեցրեց, որ իրենք նախկին գումարման պատգամավոր էլ են եղել. «Երբ Սուրեն Գրիգորյանը էստեղ ելույթ էր ունենում, ուզում էինք հարցնել՝ պարո՛ն Աշոտյան, պարիկով եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք: Բառացի նույն ելույթները, նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ: Հարգելիներս, եթե ձեր նախագծին դեմ ենք, դա չի նշանակում, որ պետական շահին դեմ ենք: Լավ, ժողովուրդն էլ եք դուք, պետությունն էլ եք դուք, իշխանությունն էլ եք դուք, բա հետո՞: Հյուսիսային Կորեա՞ ենք կառուցում, տարրական երկխոսություն սովորելո՞ւ եք ի վերջո, թե՞ չէ: Էս շենքը, էս ամբիոնը գաղափարների բախման համար է, ոչ թե եթե ինչ-որ մեկը ձեր հետ համաձայն չի, ուրեմն պետական շահին դեմ է: Պետական շա՞հն էլ եք դուք որոշում միանձնյա: Այստեղ պիտի քննարկենք ու որոշենք՝ ո՞րն է բխում պետական շահից»:

Ըստ Գորգիսյանի, իշխանականներն իրենց ամբարտավան կեցվածքով փորձում են ընդդիմությանը լռեցնել, թե՝ եթե մեր հետ համաձայն չեք, ուրեմն պետական շահին ենք դեմ. «Դուք հլը հասկացեք պետական շահը, նոր հետո խոսեք պետական շահից»:

Սուրեն Գրիգորյանն էլ հակադարձեց Գորգիսյանին. «Որ ասում եք՝ ես պատգամավոր եմ եղել, ես էդ տարածքում վստահված անձ եմ եղել, որ դուք պատգամավոր լինեք, մի՛ ասեք՝ ես եղել եմ պատգամավոր, ուրեմն ես գիտեմ»: Սուրեն Գրիգորյանը բացատրեց՝ օրենքում հստակ գրված է՝ բանկային գաղտնիքը պետք է տան դատարանի որոշմամբ՝ դատախազի կամ դատախազի տեղակալի համաձայնությամբ, պատգամավորը վեր է կենում ու ասում, որ քննիչի հայեցողությամբ բանկային գաղտնիք են տալու, դա նշանակում է, որ կամ օրենքը չի կարդացել, կամ մանիպուլյացիա է անում:

Մանե Թանդիլյանը հորդորեց վարվեցողության կանոններին, էթիկայի կանոններին հետեւել, կոռեկտության սահմանները չանցնել:

«Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը հեգնեց Մարուքյանին՝ բանկային գաղտնիքը սասանելու հետ կապված. «Մի հատ հարց եմ ուզում տամ՝ օրինակ, սովորական քաղաքացու համբերությունը չե՞նք սասանում, երբ 1200 տարի միայն պետական պաշտոններ զբաղեցրած պաշտոնատար անձը, որի ընտանիքի անդամները երբեք որեւիցե տեղ չեն աշխատել, ունեն շատ ավելի շատ եկամուտ, քան կարող էին վաստակել, եթե կալկուլյատորով բերեինք ու հաշվարկեինք իրենց ամբողջ աշխատավարձը: Չէ, նորմալ է, հանկարծ չկպնենք բանկային գաղտնիքին, կխառնվե՜ն, ներդրողները չեն գա: Գալու են, ներդրողներ էլ են գալու, ավելի շատ»:

Անդրադառնալով Գորգիսյանի ասածին՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ավելի լավ է պարիկով գալ, քան, օրինակ, թաշկինակը ձեռքին պահած»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ-ում իր անվան հիշատակմանը. «ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ: Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած: Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031