«Քրեադատավարական» օրենսգրքում եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծն է քննարկվում ԱԺ-ում:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ միջազգային գործընկերները անընդհատ ՀՀ-ին կոչ են արել ուշադրություն դարձնել այդ հարցին, քանի որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար գործող օրենքը խոչընդոտում է, քրգործեր քննելիս դա պետք է վերացվի: Բադասյանն ասաց, որ իրենք երաշխիք են սահմանել՝ չի կարող նման միջնորդություն բավարարվել՝ առանց գլխավոր դատախազի, կամ նրա տեղակալի համաձայնության:
«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասաց, որ այս օրենքը Հայաստանի ֆինանսական կայունության համար դրական ուղերձ է պարունակում:
Մինչդեռ մտահոգություններ ուներ «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը: Նա քննադատեց՝ ասելով, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության գլխին ամպեր են կուտակվում. «Այս օրենքով ցանկացած անձի բանկային տեղեկատվության մասին կարող է հասանելիություն ունենալ դատախազությունը, եթե քննիչն իր ողջամտության դատողության սահմաններում ասում է, որ չի կարողանում այլ կերպ ինֆորմացիա ունենալ: Այս կարգավորումը վտանգներով հղի է: Փողերի լվացման կարգավորումներով այսօր էլ կա նման հնարավորություն, եթե նման կասկածներ ունեք: Այս փոփոխությամբ ի՞նչ մեսիջ ենք հղում ներդրողներին, սրա արդյունքում մեր տնտեսությանը հասցված վնասի պատասխանատուն արդյոք դատախազությո՞ւնն է: Համարում եմ այս տեսակ փոփոխությունը շատ վտանգավոր մեր երկրի համար: Ես գիտեմ, որ այս կարգավորման համար կառավարության առջեւ ցույցեր չեն լինի, փողոցներ չեն փակվի, բայց դրանից այս կարգավորման վտանգավորության աստիճանը որեւէ կերպ չի նվազում: Հորդորում եմ այս դահլիճում կասեցնել այս համակարգաքանդ օրինագիծը»:
Կարդացեք նաև
«Իմ քայլից» Ծովինար Վարդանյանն ասաց, որ Կենտրոնական բանկը համաձայնություն է տվել նման կարգավորման. «Էնպես որ, Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինեք: Սա հոյակապ նախագիծ է»:
«Իմ քայլը» խմբակցությունից Սուրեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ Թանդիլյանի համար ավելի կարեւոր է սեւացնել իշխանություններին ու դեմ գնալ պետական շահին. «Չկարդալ օրենքը, չմասնակցել գեթ մեկ քննարկման այս օրենքի վերաբերյալ ու ասել, որ քննիչի հայեցողությամբ ցանկացած անձի վերաբերյալ տրվում է բանկային գաղտնիք… Չկա նման բան, ես պատասխանատու հայտարարում եմ: Տրվում է դատարանի որոշման հիման վրա, ինչպես մյուս պահպանվող գաղտնիքները…Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, այսինքն, մենք ասում ենք՝ կեղտոտ փողերը բերեք պահեք Հայաստանո՞ւմ: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը բերեն պահեն ՀՀ-ո՞ւմ: Եթե կստանձնեք իշխանություն, նման կոչ կանեք: ՀՀ գործող իշխանությունը նման կոչ չի անում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ