«Ակնկալում եմ ԲՀԿ նախագահի արձագանքը: Կարծում եմ՝ Գեւորգ Պետրոսյանն այս պահին չի ներկայացնում կուսակցության հավաքական դիրքորոշումը: Շարունակում եմ սպասել եւ ակնկալել, որ ԲՀԿ-ի անունից ներողություն կխնդրեն խմբակցության անունից հանդես գալու իրավունք ունեցող քարտուղարն ու ղեկավարը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով նիստի ընթացքում պատգամավորների միջեւ վեճին, ասաց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի եւ Բաբաջանյանի ելույթներին վեճ էր հաջորդել, Պետրոսյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում պնդել էր, որ որեւէ մեկին չի վիրավորել, որ ամեն ինչ Արման Բաբաջանյանից է սկսվել:
«Ես հեռու եմ ԱԺ դահլիճը քրեական «ռազբորկայի» վայր դարձնելու մտքից, նման մղումներ չեմ կարող ունենալ»,-վստահեցրեց Արման Բաբաջանյանը: Նա նշեց. «Չգիտեմ, թե ում նկատի ուներ Գեւորգ Պետրոսյանն իր ելույթի վերջնամասում, նա դիմում էր կառավարությանը: Կարծում եմ՝ իրեն հարգող ամեն պատգամավոր պետք է անարձագանք չթողներ այդ ելույթը: Հեռու եմ մտքից, որ Պետրոսյանը կոնկրետ անձի կարող էր նկատի ունենալ, իմ վերաբերմունքը երեւույթին էր ուղղված եւ այն մտայնությանը, որը գերակշռող է ԲՀԿ-ում»:
Թե դահլիճում ինչից սկսվեց միջադեպը, երբ Արման Բաբաջանյանը բարձրանում էր իր տեղը զբաղեցնելու, նա պատմեց. «Աջ կողմից պատգամավորներից մեկն ինձ զգուշացնում էր բարձր չխոսել եւ մատ թափ չտալ, իմ արձագանքն էլ եղել է այն տոնի մեջ, որին ականատես եմ եղել: Ինձ բարձր խոսք է ուղղվել, համարժեք պատասխանել եմ: Որեւէ մեկի մտքով չանցնի, որ ես, լինելով անկախ պատգամավոր, որեւէ ձեւով կամ որեւէ պարագայում կաշկանդված կլինեմ ասելու այն, ինչ մտածում եմ: Եթե ԲՀԿ-ին թվում է, թե ես այստեղ մենակ եմ եւ կաշկանդված եմ լինելու ու չեմ ասելու ասելիքս, չարաչար սխալվում են»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ