Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատության հաղթահարման նոր մեթոդներ են ներդրվելու

Հունվար 21,2020 14:02

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր «Հոդված 3» ակումբում ներկայացրեց նոր հայեցակարգը, ըստ այդմ՝ առաջարկվում է մի քանի գործոններով չափել անձի եկամուտը, եւ ֆինանսական աջակցության համար հաշվի առնել երկու հիմնական գործոն՝ ընտանիքի զբաղվածության եւ ժողովրդագրական ներուժը: Ըստ փոխնախարարի, եթե ընտանիքում կա երկու անչափահաս անձ, եւ նրանք աշխատունակ են, ապա նրանց հնարավոր աջակցության հարցը պետք է քննարկվի ըստ նրանց եկամուտների: Բայց ավելի մեծ աջակցություն կստանա այն ընտանիքը, ինչպես Անդրեասյանն ասաց, որտեղ միայնակ մայր է, ունի անչափահաս երեխաներ եւ ինքն է խնամում երեխաներին, տվյալ պահին չի կարող աշխատել. «Աջակցությունն ավելի հստակ եւ թիրախավորված ստանում են այն ընտանիքները, որոնք չունեն աշխատելու հնարավորություն»:

Որոնք են այդ ընտանիքները՝ մանրամասն տեսանյութում

Փոխնախարարն ասաց, որ ներկայիս համակարգի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նպաստների համակարգը փորձել է լուծել մյուս առկա խնդիրները. «Ունենք չափից դուրս խճճված համակարգ, որը որեւէ կերպ չի կարող փոխել սոցիալական իրավիճակը»:

Ըստ նոր հայեցակարգի, գնահատվելու են ընտանիքի կարիքները, ըստ այդմ էլ՝ տրամադրվելու է աջակցություն, օրինակ՝ եկամուտ ստեղծելու հնարավորություն, բժշկական աջակցություն, կրթություն ստանալու եւ այլն:

«Երբ մենք չափում ենք մարդու սպառումն, ապա դա ամենեւին մեր երկրում այս ցուցանիշները՝ սպառումն ու եկամուտները համադրելի չեն, ինչը նշանակում է, որ մարդիկ կարող են ավելի շատ սպառել, քան իրենք ունեն եկամուտ, եւ երբ սպառման հիման վրա ենք որոշում աղքատությունը, ապա ստանում ենք այլ ցուցանիշ, քան երբ եկամուտների հիման վրա ենք չափում»,-ասաց Անդրեասյանը: Նա ասաց, որ նոր հայեցակարգով աղքատության ցուցանիշը չի ավելանալու:

Նախկինում, ըստ Անդրեասյանի, ոչ այնքան թիրախային էր անապահով ընտանիքի աջակցությունը, օրինակ՝ կրթության աջակցություն կար, սակայն ընտանիքը դրա կարիքը չուներ:

Մանրամասն՝ տեսանյութում

Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանն էլ նշեց՝ շեշտադրումը կատարվելու է այն ուղղությամբ, թե ինչպես է հնարավոր օգտագործել ընտանիքի ներուժը՝ ընտանիքը զարգացնելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրեասյանի խոսքերով՝ հաճախ մարդիկ ուզում են ընդգրկվել նպաստի համակարգում, ոչ թե այն պատճառով, որ ունեն այդ 18 հազարի կարիքը, այլ որովհետեւ կարող են օգտվել հարակից արտոնյալ ծառայություններից, զեղչերից:

Մանրամասն՝ տեսանյութում

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծում նշված է. «Նախագծով առաջարկվում է ձևավորել անապահով ընտանիքների կարողությունների զարգացման` նրանց ինքնաբավ դարձնելուն ուղղված և արժանապատիվ ու սեփական վաստակ ունեցող ընտանիք ձևավորելու, այդ ընտանիքների պետական աջակցությունից` երկարատև կախվածությունից ձերբազատվելու իրավական հենք: Վերացվում են նաև առկա տեխնիկական վրիպակները, որոշակի դրույթների դեպքում սահմանվում են նաև նոր հստակ մեխանիզմներ: Այս նպատակով նաև 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը՝ հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031