Լրահոս
Օրվա լրահոսը

Թադևոս Տոնոյան. «Բոլոր մրցույթներն առայժմ այն տպավորությունն են թողնում, որ շատ վատ են կազմակերպված, չկան օբյեկտիվ սկզբունքներ». «Փաստ»

Հունվար 21,2020 13:35

Ներկայումս «Աղբյուր», նախկինում «Պիոներ» անունը կրող մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանն ասում է՝ օրերս կրկին դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը մի քանի հարցադրումներով, մասնավորապես, թե ե՞րբ է անցկացվելու մրցույթը, արդյո՞ք գործելու են նույն պայմանները, ինչ նախորդ տարի, բացի դա, նախարարությունը հավանական մասնակիցների հետ նախօրոք որևէ հանդիպում անցկացնելո՞ւ է, թե՞ ոչ։

«Ինձ հետաքրքրում էին կոնկրետ այս հարցերը։ Իրենք ամսագրերի գրաֆիկի մասին պատկերացում չունեն, թե երբ և ինչպես պետք է դրանք տպագրվեն։ Ինձ հետաքրքրում էին մրցույթի անցկացման ժամկետները, որովհետև, երևի թե, այս տարի էլ փորձենք մասնակցել դրան, եթե, իհարկե, չափորոշիչները փոխված լինեն։

Անցած տարի միակ չափորոշիչն ամենաէժան գնային առաջարկն էր, որը շատ անարդար է, որովհետև մեկը մի հոգով ներկայացնում է վեց միլիոնանոց առաջարկ, շահում է, իսկ մենք խմբագրություն ենք, աշխատողներ ունենք՝ նկարիչ, ձևավորող, որից նրանք զուրկ են։ Վերցրեք և նայեք նախորդ տարվա տպագրված աշխատանքները և կտեսնեք, որ նրանք նման աշխատանք չեն արել։

Բնականաբար, գնային մեր առաջարկն ավելի մեծ գումար է կազմում՝ հույս ունենալով, որ կհասկանային՝ երեխաների համար և՛ նորմալ ապրանքային տեսքով, և՛ մնացած բոլոր չափանիշներին համապատասխանող ամսագիր, պարբերական պետք է տպագրվի։ Դրա համար մեր ներկայացրած գնային առաջարկն ավելի մեծ է։

Անցած ամբողջ տարին գրեցինք այն մասին, որ գնային ամենաէժան առաջարկը որպես չափորոշիչ ընտրելը շատ սխալ է։ Բացի դա, ամսագրերի տպագրությունը միայն տարիքային խմբով բաժանելը ևս վիճելի է։ Առաջարկել էինք թեմատիկ ուղղվածություններով հրատարակում՝ գիտահանրամատչելի, գրական-մշակութային, լրագրողական և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տոնոյանը։

Նա նշում է՝ անհավասար պայմաններ են։ «Կարծում էի, որ այս տարի, նախքան մրցույթի պայմանները հայտարարելը, հաշվի առնելով ամբողջ տարվա իրադարձությունները, դժգոհությունները, տրամաբանական կլիներ, որ նախարարությունը հավաքեր շահագրգիռ մարդկանց և նիստ տեղի ունենար։

Բայց նախարարությունից ստացված պատասխանը ծիծաղելի բան էր։ Այսպես ասած, մարդկային, պարզ հարց էինք տվել, ակնկալում էինք պարզ պատասխան։

Մինչդեռ այդ պատասխանից երևում է, թե նախարարությունում ինչ վիճակ է տիրում այն առումով, որ երևի պաշտոնյաները վախենում են առաջին դեմքից ինչ-որ հարց պարզել կամ ներկայացնել, որ նման խնդիր կա։

Դրանից երևում է, որ որևէ փոփոխություն ակնկալել դժվար է»,-նշում է զրուցակիցը։

«Մի բան էլ ասեմ մրցույթների վերաբերյալ։ Դրանք սուտ բաներ են, որովհետև իրենց ընկերները, ծանոթները, կուսակիցներն են այդ հանձնաժողովների անդամները։ Նայեք գրական մամուլի համար գումարային բաժանումը։

Տպագիր պարբերականներ կան, որոնց տրված է մեկ միլիոն 200 հազար դրամ, ինչպես, օրինակ, ազգային փոքրամասնությունների թերթերին, և կան կայքեր, որոնք ստանում են 4 միլիոն 800 հազար դրամ։ Պարզ չէ՞, որ այստեղ խտրական վերաբերմունք է։

Գուցե միտում չկա, կոռուպցիա չկա, չեմ ուզում դա պնդել, բայց պետք է մարդկանց կանչել, նստել ու խոսել, որպեսզի չսխալվես։

Բոլոր մրցույթներն առայժմ այն տպավորությունն են թողնում, որ շատ վատ են կազմակերպված, չկան օբյեկտիվ սկզբունքներ։

Հավաքվում են, օրինական ձևով գրում ու ջնջում։ Գիտեք ինչ՝ մեր երկիրը նախորդ իշխանությունների ժամանակ թալանվել է օրինական փաստաթղթերով։

Հիմա նույն ձևով գործողություններ են տեղի ունենում փոքրամասշտաբ այսպիսի երևույթների դեպքում»,-իր մտահոգություններն է հայտնում մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրը։

Նա հիշեցնում է՝ վերը նշված պարբերականներն արժեքներ են, այս գործի մեջ թրծված կոլեկտիվներ էին աշխատում, որոնք այսօր ուղղակի դուրս շպրտվեցին։ «Ափսոսեցին մի քանի հազար դրամ աշխատավարձով մարդկանց պահել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031