Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ձեր ջղային դեմքերի տակ մենք ձեր սաղ վախերը տեսնում ենք, ախր, էդքան համարձակ, դուխով եք, եկեք ստեղից խոսացեք». «Իմ քայլի» արձագանքը՝ ԲՀԿ-ականներին

Հունվար 21,2020 13:22

«Ես չհասկացա՝ ի՞նչը բորբոքեց Արման Բաբաջանյանին, որ մենք այսօր տեսանք մեկ դերասանի թատրոն: Ի՞նչ էր ասել Գեւորգ Պետրոսյանը, խնդրում եմ եւս մեկ անգամ լսել՝ վիրավորե՞լ է, ինչ-որ վիրավորա՞նք է հասցրել, կպե՞լ է, ի՞նչ է ասել»,- այսօր քրեական ենթամշակույթը կրող անձանց մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականների եւ Արման Բաբաջանյանի միջեւ տեղի ունեցած թեժ վեճից հետո այսպիսի հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Պետրոսյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր. «Գողական աշխարհ….պարոն նախարար էդ ի՞նչ է նշանակում, ով կարա դրա սահմանն ընդգծի: Լավ եք, անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, մենակ մի հուշում անեմ ՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառով հասկացություն կա, լավ կլիներ նաեւ դրա դեմ պայքարեիք»: Արման Բաբաջանյանն էլ հորդորեց ԲՀԿ-ականներին Պետրոսյանի այս խայտառակ պահվածքի համար ներողություն խնդրել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ելույթում այսպես արձագանքեց Արման Աբովյանին. «Դուք իսկապե՞ս չեք հասկանում, թե ասվածի մեջ ինչ խնդիր կար, թե՞ ձեւացնում եք, որ չեք հասկանում: Խնդիր կա՛ր: Եվ մի պահ եկեք վերանանք, թե ով առաջինն արձագանքեց: Եթե ՀՀ-ում գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարն իջեցվում է էդ աստիճան շրիշակի մակարդակի, գողական, բեսեդկայի, քուչի մակարդակի, բերվում են համեմատություններ, որոնք հարիր չեն նաեւ ձեզ, հիմա դիմում եմ նաեւ ձեզ, տիկի՛ն Զոհրաբյան, պարո՛ն Բագրատյան, պարո՛ն Մելքումյան, մարդիկ, որոնք քաղաքական տեքստ են ասում, դա ձե՞ր մակարդակն է, որ էդ աստիճան իջեցնում են: Ուրեմն ես էլ ձեզ ասեմ՝այո, 3 տառանիի մասով էլ, 4 տառանիի մասով էլ, եթե կարիք կա՝ պայքարում ենք: Դրա մասով էլ կան հոդվածներ, բայց պետք չի իջեցնել էդ մակարդակի, էս Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա»:

Կոնջորյանը դիմեց ԲՀԿ-ին. «Էդ ի՞նչ շնորհք է, մարդիկ ելույթ են ունենում ամբիոնից, մինչեւ հասնում են տեղ, ինչ-որ ռազբորկաներ են արդեն սկսվում: Կամ էստեղից խոսում ես, մեկը էդտեղից մուննաթով արձագանքում է: Էդ ձեր ջղային դեմքերի տակ մենք ձեր սաղ վախերը տեսնում ենք, ախր: Էդքան համարձակ, դուխով մարդիկ եք, եկեք ստեղից խոսացեք: Ախր ես գիտեմ, որ էդտեղից խոսացողների մեծ մասը, որ գա էստեղ կանգնի, ոտները ընենց կդողա, որ էդ ցնցումները դուք էլ կզգաք՝ մինչեւ վերջին նստարանը»:

Կոնջորյանը հորդորեց վերջ տալ այս ամեն ինչին ու եթե բան ունեն խոսելու, գան ամբիոնի մոտ. «Նրանք, ովքեր խոսել չգիտեն, չեն կարողանում խոսել, ես առաջարկում եմ գոնե կարողանալ լռել եւ ԱԺ դահլիճը չվերածել Ազգային քուչի մակարդակի…Նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մնալու են պատմության մայթեզրին կանգնած»,- իր ելույթը եզրափակեց Կոնջորյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031