Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր. «Կսովորեմ արտասահմանում ու կվերադառնամ Հայաստան»

Հունվար 21,2020 12:31

Միջազգային օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները վերադարձել են 18 մեդալով: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի ղեկավար Սուրեն Գրիգորյանը նախ ներկայացրեց Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան:

«Ֆիզմաթը ներկայացված էր 16 հոգով, իսկ «Քվանտ» վարժարանը՝ 10, որոնցից համապատասխանաբար մեդալներով վերադարձել են ֆիզմաթ դպրոցից՝ 12, իսկ «Քվանտից» ՝ 8 մեդալներով»,-ասաց Գրիգորյանը:

«Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ, թիմի ղեկավար Էդգար Վարդանյանն էլ ներկայացրեց այն առաջադրանքները, որոնք տրված են եղել երեխաներին: Նշեց, որ օլիմպիադան եղել է ֆիզիկա, մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաներից, յուրաքանչյուր առարկա ունեցել է երկուական փուլ:

«Մեր աշակերտները կարողացան խնդիրների ինչ-որ մաս լուծել եւ արժանանալ մեդալների»,-հայտնեց նա: Հավելեց, որ հարեւան երկրների համեմատությամբ՝ Հայաստանի արդյունքները բավականին լավն են, ինչը չի կարելի ասել խոշոր երկրների եւ, օրինակ, ՌԴ-ի հետ համեմատվելիս: Այդ երկրները մեծաթիվ մասնակիցներով են ներկայացել եւ հեռացել մեդալների մեծ «ավարով»:

Սուրեն Գրիգորյանը շեշտեց, որ ֆիզմաթ դպրոցը երբեք դատարկաձեռն չի վերադարձել այս օլիմպիադայից, եւ մասնակցության տարիների ընթացքում 2005թ.-ից առայսօր 7 ոսկի, 36 արծաթ մեդալներ է բերել Հայաստան: Իսկ թիմային պայքարում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցն այս տարի զբաղեցրել է չորրորդ տեղը:

Ոսկե մեդալակիր Ալեքսանդր Աբելյանը սովորում է «Քվանտ» վարժարանի տասնմեկերորդ դասարանում: Ասում է՝ շատ հետաքրքրված է հատկապես ինֆորմատիկա առարկայով: «Օլիմպիադայի առաջին օրվանից հետո արդեն ուզում էի, որ ոսկե մեդալ ստանամ, երկրորդ օրն այդքան էլ լավ չգրեցի, իմ կարծիքով; Օլիմպիադայի փակմանն էլ հիվանդ էի, չէի մասնակցում, բայց զանգեցին-ասացին, որ ոսկե մեդալ եմ շահել»,-նշեց Ալեքսանդրը: Նա շնորհակալություն հայտնեց իր հետ անձնվիրաբար աշխատած բոլոր ուսուցիչներին, որոնց շնորհիվ էլ արժանացել է ոսկե մեդալի:

Էլեն Պետիկյանը յոթերորդ դասարանից է սովորում Ֆիզմաթ դպրոցում ու հենց սկզբից էլ հետաքրքրված է եղել հատկապես մաթեմատիկայով, մասնակցել տարբեր օլիմպիադաների: Ասում էր՝ այդքան վստահ չէր, թե մեդալի կարժանանա, բայց ինչ-ինչ ակնկալիքներ, այնուամենայնիվ ուներ:

Լորետա Արզումանյանը եւս սովորում է «Քվանտ» վարժարանում, ասում է ութերորդ դասարանում օլիմպիական խմբակների մասնակցելուց հետո ավելի խորացավ հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ: Ժաուտիկովյան օլիմպիադայից բերված մրցանակը երկրորդ մեդալն է, իսկ առաջին մեդալը աղջիկը ստացել է Մեգապոլիսների օլիմպիադայից:

Հայաստանյան թիմերի ղեկավարները համոզված են, որ միջազգային հարթակներում հայ երեխաների նման ներկայացվածությունը նրանց համար ճանապարհ է հարթում միջազգային լավագույն բուհերում անգամ անվճար սովորելու համար:

Մեդալակիրներից Ալեքսանդրն ասաց, որ կուզենար սովորել «դրսում» եւ վերադառնալ Հայաստան ու աշխատել ՏՏ ոլորտում: Էլենն ու Լորետան եւս ցանկություն ունեն արտասահմանում ուսումը շարունակել: Ի դեպ, Լորետան նաեւ երաժշտություն է սիրում, նա դաշնակահար է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031