Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափդ ճանաչի, արա՛». Գողականների մասին օրենքի քննարկման ժամանակ թեժ վեճ սկսեց. ԲՀԿ-ականները հաշիվ էին մաքրում Արման Բաբաջանյանի հետ, Միրզոյանը կոչ արեց մանդատը դնել ու «բեսեդկայում» լռվել

Հունվար 21,2020 12:11

Քրեական ենթամշակույթը կրող անձանց կամ այսպես ասած գողականների, օրենքով գողերի մասին աղմկահարույց օրենքի նախագիծն է երկրորդ ընթերցմամբ քննարկվում ԱԺ-ում:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել. «Մենք միշտ էլ դեմ ենք հանցավոր գործունեությանը եւ դրա արդյունքներին, բայց մի սկզբունք ենք պահում՝ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար: Առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրության սկզբունքներից: Ես դժվարանում եմ էսօր հասկանալ, թե ինչու է կառավարությունը գերակա հռչակել այս պայքարը, որովհետեւ սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ ինչ-որ անորոշ երեւույթների: Գողական աշխարհ….պարոն նախարար էդ ի՞նչ է նշանակում, ով կարա դրա սահմանն ընդգծի: Լավ եք, անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, մենակ մի հուշում անեմ ՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառով հասկացություն կա, լավ կլիներ նաեւ դրա դեմ պայքարեիք»:

Սա ԱԺ-ում վիճաբանության պատճառ դարձավ:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, մոտենալով ամբիոնին՝ ասաց. «Ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկն էստեղ պիտի ներողություն խնդրի իրենց գործընկերոջ էս խայտառակ պահվածքի համար եւ ԱԺ նախագահին կոչ եմ անում, որ անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»: Բաբաջանյանի կոչին իմքայլականները արձագանքեցին ծափերով:

Պետրոսյանը տեղից ինչ-որ բան ասաց, Արման Բաբաջանյանը բղավեց. «Լռե՛ք, եթե ես խոսում եմ»: Արարատ Միրզոյանը փորձեց հանդարտեցնել:

Ըստ Արման Բաբաջանյանի, երկչոտ ու վախվորած ոստիկանությունով մենք չենք կարող պայքարել քրեական աշխարհի եւ հանցավորության դեմ: Մենք նախ պիտի կարողանանք վերազինել եւ անհրաժեշտ գործիքները տալ իրավապահ համակարգին, որպեսզի կարողանանք արմատախիլ անել այսպիսի կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը մեզանում: Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի վեթինգը, որը այդպես էլ կարծես տեղ չի հասնում դատական համակարգ, արագորեն տեղի ունենա, որպեսզի քրեական դատարանի նախագահը, որը հանցագործների հետ ժամանակ է անցկացնում, չունենանք: Այդպիսի դատական համակարգով չենք կարող պայքարել հանցավորության դեմ, հասկանում ենք, չէ՞: Սա համալիր հարց է ու չենք կարող միայն այս օրենքի ընդունմամբ հարցը լուծել:

Երբ Արման Բաբաջանյանը ելույթից հետո փորձեց զբաղեցնել իր տեղը, ԲՀԿ-ականները, պատրաստ վեճի, ոտքի կանգնեցին ու ուզում էին մոտենալ նրան, բանը կհասներ ձեռնամարտի, եթե չմիջամտեին Իմ քայլի, ԼՀԿ-ի պատգամավորները: Արմեն Խաչատրյանը փորձեց պահել ԲՀԿ-ականներին ու թույլ չտալ, որ մոտենան Բաբաջանյանին, խառնվեցին Սիփան Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, փորձեցին կրքերը հանդարտեցնել: ԲՀԿ-ականները Բաբաջանյանի վրա բղավում էին. «Չափդ ճանաչի, արա՛»: Թեժ վեճ ու աղմուկ էր նիստերի դահլիճում: Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ պատգամավորները չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, մի ձեւով կարող են դրսեւորվել ԱԺ-ում՝ հերթագրվել ու ամբիոնի մոտ ելույթ ունենալ. «Ով էս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի իր պատգամավորական մանդատից ու գնա հայաթում, բիսեդկեն լռվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031