ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը շախմատի Հայաստանի 80-րդ առաջնությունում 4,5 միավորով պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ին ասաց. «Գրոսմայստերների մեջ ՖԻԴԵ-ի վարպետ լինելը հարաբերական ցուցանիշ է: Մենք բոլորս՝ Ֆեդերացիայի ղեկավարությունը, մասնագետները, շատ լավ հասկանում ենք, որ Մամիկոնը այսօր թե խաղով, թե վարկանիշով արժանի է շատ ավելիի: Օրինակ, նա մինչեւ այս մրցաշարը լրացրել էր գրոսմայստերի՝ մեկ եւ միջազգային վարպետի՝ երկու նորմա: Այս առաջնությունում Մամիկոն Ղարիբյանը ոչ միայն երրորդ անգամ հաղթահարեց միջազգային վարպետի համար սահմանված նորմը՝ 3,5 միավորը, այլեւ գերազանցեց: Եվ եթե վերջին տուրում հաղթանակ տաներ եւ վաստակեր 5,0 միավոր, երկրորդ անգամ կլրացներ նաեւ գրոսմայստերի նորման»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ