Այս օրերին բուռն քննադատությունների արժանացավ այն, որ նույնիսկ ձյան վերաբերյալ գրառում կատարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում որևէ կերպ չանդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին, և նրա ցավակցական խոսքը հնչեց միայն այն բանից հետո, երբ «168 ժամը» դիմեց կառավարություն: Հոգեբան Կարինե Նալչաջյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է բացատրում Նիկոլ Փաշինյանի այս վերաբերմունքը, և արդյո՞ք այն կարող էր նպաստել Ֆեյսբուքում այդ դեպքի վերաբերյալ ոչ համարժեք արձագանքներին: «Անշուշտ, կարող է նպաստել, որովհետև բնական է, որ, եթե երկրում տեղի է ունենում նման ողբերգական իրադարձություն, դա պետության խնդիրն է: Ընդ որում՝ արդեն ուժային ոլորտի երրորդ պաշտոնյայի մահվան դեպքն է: Եվ բնական է մարդկանց սպասումը, որ երկրի ղեկավարը պետք է անմիջապես իր դիրքորոշումն արտահայտի՝ ցավակցի այդ ողբերգության կապակցությամբ: Եթե մարդիկ տեսնում են, որ երկրի ղեկավարի մտածմունքների առարկան ձյունն ու ձնագնդին են, մարդկանց սպասումները, մեղմ ասած, չեն արդարանում: Մեր երկրին այսօր շատ է պակասում լրջությունը»,- ասաց նա:
Հոգեբանն ընդգծեց, որ մարդկանց 85 տոկոսն իր կյանքի տարբեր պահերին ինքնասպանություն գործելու միտք է ունենում. «Այսինքն՝ սա նաև չի կարելի կապել հոգեկան հիվանդությունների հետ: Ուժային կառույցներում մարդիկ ավելի կայուն են, ավելի շատ բան տեսած, պատրաստված են: Եվ որպեսզի մարդը գնա այդ քայլին, խթանները շատ ավելի ուժեղ են լինում»:
Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից հետո բազմաթիվ կարծիքներ են հնչում, թե հասարակությունն ավելի դաժան է վարվելու գործող իշխանության հետ, քանի որ նրանք հասարակության էմոցիաների վրա են կառուցել իրենց ռազմավարությունը: Հոգեբանից հետաքրքրվեցինք՝ նման վտանգ տեսնո՞ւմ է:
«Այո, տեսնում եմ: Քաոսային վիճակ է ստեղծվել, և մինչև հիմա դա շարունակվում է: Տեսեք՝ պետական ինստիտուտները թշնամի են հայտարարվում, վարչապետը ջարդուփշուր անելու հարց է դրել: Կարելի է հավասարության նշան դնել և ասել, որ պետությունը խանգարում է: Երբ քաոտիկ իրավիճակ ես ստեղծում, այդ քաոսը նաև մարդկանց հոգեկան աշխարհում է արտահայտվում: Շատ հեշտ է քաոս ստեղծել, երբ մարդուն ասում ես՝ ես քեզ սիրում եմ, դրական հուզական կապ ու սպասումներ ես ստեղծում: Մարդը սպասում է, սպասում, ու մեկ էլ սիրո փոխարեն՝ ապտակ է ստանում: Առհասարակ, հեղափոխության բովի մեջ մտնում են այն մարդիկ, ովքեր իրենց բնույթով ներշնչվող են: Հեղափոխական պրոցեսների մեջ ավելի շատ ներգրավվում են բարձր հուզականություն ունեցող մարդիկ: Հիմա տեսեք, այդ մարդիկ կարող են ոգևորվել, կուռքեր ստեղծել, հավատարիմ ձևով կառչել իրենց սպասումներից, բայց եթե ինքը ընկավ հակառակ հուզական վիճակի մեջ, իրենից կարող ես սպասել հակառակ բնույթի գործողություններ: Դա քաղաքացիական պատերազմի հոգեբանական պլատֆորմ է ստեղծում»,- պարզաբանեց հոգեբանը:
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, Կարինե Նալչաջյանն ասաց, որ, եթե դրական տեղաշարժեր լինեն, ապա հասարակությունը կհանգստանա և կանցնի իր առօրյային. «Հիմա մարդիկ իրենց կյանքով չեն ապրում, սպասում են, թե վարչապետը կամ մյուսն ինչ կասեն: Այսօր թեմաներ են առաջ քաշվում, որ մտածում ես՝ եթե դու անկեղծ էիր, եթե այլ ծրագրեր չես իրականացնում, երբ դու հարթակի վրա էիր, և մարդկանց մեծ բազմություն ոգևորված քեզ էր նայում ու լսում, ուղղակի ասեիր, որ այսօր մարդիկ աղքատ են, որովհետև աղքատությունը ձեր գլուխներում է, և այլն: Մենք մի բան լսել ենք, մեկ ուրիշ թեմատիկայի առնչվում ենք: Ինձ համար շատ տխուր տեսարան էր, երբ Փաշինյանն ու իր տիկինը Տավուշի մարզում էին, մի տարեց կին մոտեցել և իր ցավի մասին էր խոսում, ցավալի հարցեր էր բարձրացնում. Ես նայում էի նույն Փաշինյանի, իր տիկնոջ, կադրում երևացող մյուսների դեմքերին և այնտեղ կարեկցության նշույլ չտեսա, մի տեսակ հրճվագին դեմքեր էին, և եթե ձայնը հանեինք, կարող էինք ենթադրել, որ այդ տատիկը շնորհակալություն էր հայտնում, որ, օրինակ, մանկապարտեզ են վերանորոգել: Եվ մի քանի օր անց՝ Ամանորին, վարչապետը մոտավորապես հետևյալն է ասում՝ ձեր բոլորի ցավն իմ ցավն է: Հասարակ քաղաքացին կամ այդ նույն տատիկը ո՞նց հավատա դրան»:
Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: