Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդը օդանավակայանն ենք փակելու. Անասնաբույծները փակել էին Արմավիր տանող միջպետական ճանապարհը

Հունվար 21,2020 11:58

«Գյուղացիներն այսօր եկել՝ իրենց հացի կռիվն են տալիս, անասնապահությունով իրենց հացն են վաստակում: Սպանդանոցում մորթ անելու պատճառով, մեկ անասունի մեջ 40 հազար դրամ կորցնում ենք, ամբողջ տարին չարչարվում ենք, որ մի երկու կոպեկ աշխատենք: Թող գան այս հարցին լուծում տան, մեր ապրուստը հողագործությունն ու անասնապահությունն է»,-ասում էին անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիները, որոնք դեմ են իրենց անասունների մորթը սպանդանոցներում կազմակերպելուն: Այսօր առավոտից նրանք փակել են Արարատ-Արմավիր միջպետական ճանապարհը:

Անասնաբույծները պնդում են, որ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու են որոշումները մշակել, եւ մի շարք խնդիրներ հաշվի չեն առել:

«Անասունը դաշտում եմ պահում, ընկավ, ոտքը կոտրվեց, ո՞նց են տանելու, կռանո՞վ: Ժամանակին չեն գալու, գնալով քաշ է գցելու, ոտքը սեւանալու է, սակայն իրենք այս հարցերը հաշվի չեն առել»,-իր դժգոհությունները այսպես Արմավիրի մարզի ներկայացրեց անասնաբույծներից մեկը՝ նշելով, որ յոթ ամիս դաշտում է քնում, որտեղ էլ պահում է անասուններին:

Ասում են, որ սպանդանոցները կրկնապատկեն, եռապատկեն էլ, միեւնույն է չեն կարողանալու հերթերից ու կոռուպցիոն գործարքներից խուսափել. «Իրենք կարգ են, որոշում՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգ: Գոմից անասունը հանեմ՝ մտցնեմ կուզովը, մի հատ կպավ կողքերին, սեւանալու է, մի հատ թեթեւ խփեցիր անասունին միսը կապտելու է, ու կարգը գցի: Պիտի տանեմ կաշառք տամ, որ գրեն առաջին կարգ, արհեստական սարքում են կոռուպցիա»:

Գյուղացիների խոսքով, վարկերի տակ են եւ օրերով չեն կարող սպասել՝ մինչեւ սպանդանոցից գան, իրենց անասունը մորթեն, որ տանեն վարկը վճարեն:

Անասնաբույծների ներկայացմամբ, միայն Բաղրամյանի շրջանից օրեկան 200-300 խոշոր անասուն է դուրս գալիս շուկաներ, եւ սպանդանոցն այդ քանակությունը չի կարող սպասարկել: Անասնաբույծները նաեւ բողոքեցին, որ միայն սպառողի շահերից են խոսում եւ գյուղացու շահն անտեսում: Նրանք նաեւ վիրավորվել էին, որ կառավարության առաջ երեկվա ցույցի ժամանակ իրենց որեւէ պատասխան չեն տվել: Անասնաբույծների խոսքով, որոշումը, որը դեռեւս նախկին իշխանությունների օրոք է եղել, «հում է եւ բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու անասնաբույծների համար»:

Անասնաբույծների հետ հանդիպման էր եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մարզպետը ասաց, որ առաջիկայում քննարկում են ունենալու եւ այդ խնդիրները կբարձրացնեն: Գյուղացիները պահանջեցին հարցի լուծումը հոգուտ գյուղացու: Մարզպետը հորդորեց՝ ինչքան բողոքավոր կա, հավաքվեն ու ժամը վեցին գան մարզպետարան, որպեսզի բոլոր խնդիրները բարձրացվեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031