Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մամուլից մաղձ է թափվում… մամուլն է ատելության մթնոլորտ տարածում, ոչ թե մենք». ԱԺ-ում պահանջում են ԶԼՄ-ների սեփականատերերին, նրանց փոխկապակցված անձանց բացահայտել

Հունվար 21,2020 11:43

ԱԺ-ում քննարկվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որը նախնական տեսքով մեդիայի ոլորտի, խոսքի ազատության պաշտպանության կազմակերպությունների կողմից չէր ողջունվել: Հիմա նախագիծը վերամշակվել է եւ սրանով նախատեսվում է, որ համացանցային ԶԼՄ-ները նույնպես կարող են հասանելիություն ունենալ պետական գրանցամատյաններում պահպանվող տեղեկատվությանը ու ստանալ տեղեկություններ՝ առանց պետտուրքի: ԶԼՄ-ն ստանում է իր գաղտնաբան ու մուտքաբառը եւ կարողանում է միշտ կայքից ստանալ իրեն հետաքրքրով տեղեկատվությունը: Նախկինում դա հնարավոր էր ստանալ միայն գումարով:

«Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հարցրեց՝ նախագծով տեղեկատվություն ստանալու համապետական տուրքի վճարման արտոնություն է տրամադրվում ԶԼՄ-ներին, մինչդեռ հիմնադրամներ, ՀԿ-ներ կան, եւ հետո կոռուպցիոն ռիսկ չկա՞, որ իրավաբանական ընկերություններ դիմեն ԶԼՄ-ներին,որ իրենք հարցում անեն, գումար չծախսեն, պետտուրքի գումարից խուսափեն: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ անտրամաբանական է՝ 3000 դրամ պետտուրքի համար ԶԼՄ-ին չեն դիմի, բացի այդ, հիմա կառավարությունը գնում է այն ճանապարհով, որ այն տեղեկատվությունը, որը բաց է, տրամադրվի բոլորին անվճար՝ անձնական տվյալները պաշտպանելով:

Պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ առանց հաշվառման զանգվածային լրատվական գործունեություն իրականացնելու համար պատասխանատվություն չի նախատեսվում, մինչդեռ շատ են դեպքերը, երբ լրատվություն են տարածում ու հասցեատերը որեւէ կերպ չի հայտնաբերվում, գրանցվում են արտերկրում, լրատվական գործունեություն ծավալում Հայաստանում: Բաբաջանյանը հարցրեց, թե ի՞նչ կարգավորումներ են նախատեսում այն ԶԼՄ-ների համար, որոնք հասցե, կոնտակտ չունեն, հնարավոր չէ նրանց պատասխանատվության կանչել:

Փոխնախարարը պատասխանեց, որ դա խնդրահարույց հարց է, դատական կարգով է լինում. «Հայտնաբերել, թե ում կողմից է դա եղել, բարդ հարց է»:

Արման Բաբաջանյանն արձագանքեց. «Իրականում ոչ թե բարդ, այլ երբեմն անհնար է հայտնաբերել ԶԼՄ-ների, որոնք ամենաանպատասխանատուու անթույլատրելի գործելաոճն են երբեմն որդեգրում ու ազատորեն սոցցանցերում, համացանցում գործունեություն են իրականացնում, բայց նրանց հայտնաբերել հնարավոր չէ, որովհետեւ արտերկրում են գրանցված: Սա կառավարությանը ու ԱԺ-ին պիտի ահազանգ դառնա՝ այս հարցը մեկընդմիշտ լուծելու»:

Գալյանն էլ պատասխանեց, որ ԶԼՄ-ների իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը այս խնդրին լուծում կտա ինչ-որ չափով. «Քաղաքացին հնարավորություն կունենա գիտակցաբար ընտրություն կատարել՝ այս կամ այն ԶԼՄ-ին վստահելուց առաջ: Պետք է հստակ մեխանիզմներ լինեն այս տարվա ընթացքում իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ: Կառավարությունը գնում է այս ճանապարհով»:

 

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանն ասաց, որ որպես ստաժավոր նախկին լրագրող, վստահ է, որ ավելի շատ կարեւոր է ոչ թե հիմնադիրը ԶԼՄ-ի, այլ՝ փոխկապակցվածությունը. «Էսինչ անուն-ազգանունով մարդը քանի ընկերություն ունի, համահիմնադիր է, դա է հետաքրքիր»: Գալյանը պատասխանեց, որ մոտ ապագայում այդ հարցին լուծում կլինի. «Քայլ առ քայլ կառավարությունը գնում է այն ուղղությամբ, որ բոլոր ոլորտներում իրական սեփականատերերը բացահայտվեն ու հանրությունն իմանա, թե իքս անձը որ ոլորտներում ունի մասնաբաժիններ, ինչի սեփականատերն է հանդիսանում, խոսքը գնում է նաեւ ԶԼՄ-ների մասին»:

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ այս օրինագծով ԶԼՄ-ներին իրավունք ենք տալիս, բայց խուսափում ենք ԶԼՄ-ին պատասխանատվության կանչելուց. «Խոսքի ազատության ու պատասխանատվության այդ սահմանը բավականին բարդ է: Հենց պատասխանատվության հարց է լինում, առաջին պլան է գալիս՝ մամուլի նկատմամբ ճնշումներ եւ այլն, բայց երբ մամուլն է ճնշում, սուտ ու կեղծիք տարածում, մենք քայլ չենք անում: Երբ թերթենք մամուլը, եթե կարելի է դա մամուլի միջոց համարել, հատկապես՝ էլեկտրոնային, մամուլից մաղձ է թափվում, հենց էդ մամուլի միջոցով է, որ ատելության մթնոլորտը տարածվում է երկրում: Մենք չենք տարածում, իշխանությունը չի տարածում, մամուլի միջոցներն են միայն, որ տարածում են՝ կոնկրետ պատվերով, կոնկրետ նպատակի համար»:

Նա դիմեց արդարադատության նախարարությանը՝ կոնկրետ օրինագիծ բերել՝ մամուլի թափանցիկության, հաշվետվողականության հետ կապված. «Եթե մամուլը չեղավ թափանցիկ, չենք կարող հաշվետվողականություն պահանջել որեւէ մեկից: Ակնկալում եմ ձեր օրինագծերը»:

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը համաձայնեց, որ ԶԼՄ-ներին տրվող ազատությունը նաեւ որոշակի պատասխանատվություն է պահանջում. «Այսօր մեդիադաշտում բավականին կրիզիս է պատասխանատվության եւ բարեխղճության: Բայց դա չի նշանակում, որ այս իրավունքը չպետք է տանք ԶԼՄ-ին՝ անվճար տեղեկատվություն ստանալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031