Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տղամարդկանց առաջնությունը ուժեղ կազմ էր հավաքել եւ 10 մասնակիցներից միայն մեկը չուներ գրոսմայստերի կոչում: «Առաջնությունը 13-րդ կարգի էր: Ու այդպես եղավ միայն վերջին պահին: Մեկնարկից մոտ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ հայտ ներկայացրածներից երկուսը՝ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը հիվանդության պատճառով ի վիճակի չեն լինելու մասնակցել: Մենք ցավում ենք դրա համար, քանի որ 12 մասնակցով մրցաշարն անհամեմատ ավելի հետաքրքիր կլիներ, իսկ առաջնությունը, ինչպես անցած տարի, կունենար 14-րդ կարգ: Ու պատկերացրեք, որ 12 մասնակցից 9-ը կունենար 2600-ից բարձր վարկանիշ: Հատուկենտ շախմատային երկրներ կհպարտանային այդպիսի մակարդակի առաջնությունով»,-ասաց նա:
Պարոն Վարդապետյանի խոսքով, երկու առաջնություններն էլ անցան լարված ու հետաքրքիր: «Պայքար էր ընթանում յուրաքանչյուր միավորի ու տեղի համար: Բավական է այն, որ մինչեւ վերջին տուրի ավարտը հայտնի չէր, թե ովքեր են լինելու չեմպիոնները»,-եզրափակեց Աշոտ Վարդապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ